2022թ.-ին հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են 13%-ով

2022թ.-ին հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են 13%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ․-ին սպառողական գների փոփոխությունների վիճակագրությունը Հայաստանի Հանրապետությունում։ Համաձայն ներկայացված վիճակագրության 2022-ին նախորդ՝ 2021թ․-ի համեմատությամբ հանրապետությունում բոլոր տեսակի ապրանքների սպառողական գները միջին հաշվով աճել են 8․6%-ով։ Մասնավորապես․ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբի մեջ մտնող ապրանքների գները աճել են 13%-ով։ Հասկանալիորեն բնակչության կողմից ամենաշատը սպառվում են հենց այս խմբի ապրանքները։ Լայն սպառում ունեցող մյուս ապրանքատեսակներից են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները։ Սրանց գները տարվա ընթացքում աճել են 8․2%-ով։ Հագուստեղենի, ներառյալ և կոշիկների գների աճը կազմել է 9․1%։

Բնակարանային ծառայություները, գազը, լույսը, ջուրը միասին վերցրած, տարվա ընթացքում միջինացված թանկացել է 6․3%-ով։ Դեկտեմբերին` աճը կազմել է 8․2%։ Բնակարանների խնամքի ամենօրյա գործածության իրերի, կենցաղային տեխնիկայի, տնային գործածության առարկաների գնաճը տարվա կտրվածքով կազմել է  8․3%։ Ընդ որում` միայն դեկտեմբեր ամսին այս ապրանքատեսակների շեշտակի՝ ավելի քան 13%-ոց գնաճ է արձանագրվել։

2022թ․-ին ընդհանուր տնտեսության բոլոր ճյուղերի մեջ ամենամեղմ աճն արձանագրվել է կապի ոլորտում՝ 0․4% ամբողջ տարվա հաշվով։ Այստեղ ևս պետք է նշել, որ աստիճանաբար աճի միտում է արձանագրվել և դեկտեմբեր ամսին այն կազմել է 0․6%։ Համեմատաբար մեղմ աճ է արձանագրվել նաև առողջապահությունում՝ 1․8% (դեկտեմբերին՝ 3․1%) և կրթությունում՝ 2․5% (դեկտեմբերին՝ 4․7%)։ Սննդամթերքի գներից հետո ամենաբարձր աճն արձանագրվել է հանգստի և մշակույթի ոլորտում՝ 12․5%։ Ընդ որում` այդ աճը տարվա մյուս ամիսներին ավելի արտահայտված է եղել, քան դեկտեմբերին (9․8%)։ Ժամանցի, զվարճանքի վայրերում ի դեմս ռեստորանների, հյուրանոցների գնաճը եղել է ամենաբարձրերից՝7․1%: Դեկտեմբերին՝ 8․8%։

Վերոնշյալից հետևում է, որ տարեվերջին տնտեսության ճյուղերի մեծ մասում գնաճի միտումները խորացել են։ Ընդհանրապես սպառողական գների առումով համեմատաբար ամենաբարձր աճը գրանցվել է տարեկեսին։ Հունիսին այն կազմել է 10․3%։  Նույն ամսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հասել է ավելի քան 17%-ի։ Սրանք ամենաբարձր գնաճային ցուցանիշներն են եղել, որ նշյալ ապրանքախմբի ապրանքների համար հետագայում որոշակիորեն նվազել են։ Մինչդեռ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, հագուստի և կոշիկի, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, տնային գործածության առարկաների, առողջապահության, տրանսպորտի, կապի և մնացած գրեթե բոլոր ոլորտներում հունիսից սկսած կայուն  գնաճ է արձանագրվել։

Ինչպես արդեն նշվեց, ամենամեծ գնաճն արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների պարագայում։ Այս ապրանքների դեպքում միայն փետրվար, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին է, որ 11 և 10 տոկոսանոց գնաճ է եղել։  Մնացած բոլոր ամիսներին այն գերազանցել է 12,13, 14%-ը։ Իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի դեպքում միջին գնաճը կազմել է գրեթե 17%։ Հունիսից սկսած այն բարձրացել է 19-20%-ի ու անցել 20-ի սահմանագիծը և միայն վերջին եռամսյակում է, որ ավելի քան 18%-ից իջել է 14-ի։ Նույն կերպ բրինձի գնաճը տարեկեսին հասել է մոտ 18%-ի և միայն նոյեմբեր-դեկտեմբերին է, որ նվազել է 9․2-ի և հետո 7․6-ի։ Մոտավորապես նույն պատկերն է արձանագրվել ալյուրի ու հացի դեպքում։ Իսկ մակարոնեղենի պարագայում գները բարձրանալով  աճը հասել է գրեթե 33%-ի, մի քանի ամիս շարունակ բարձր է եղել 30%-ից և միայն նոյեմբերին է իջել 28․1%-ի, իսկ դեկտեմբերին՝ 24․5%-ի։

Մսի գները  միջին հաշվով ունեցել են կայուն աճի միտում․ տարեկեսից սկսած 12%, չնչին տատանումներով։ Իսկ տավարի միսը, եթե հունվարին աճել է  4․2%-ով, ապա հուլիսից սկսած այն անցել է 20%-ից, իսկ տարեվերջին՝ 25%-ից։ Խոզի մսի դեպքում հակառակ պատկերն է եղել։ Տարեսկզբին գնաճը հասել է 36%-ի, տարեվերջին 2․5%։ Թռչնամիսը տարեկեսին հատել է 8%-ոց աճի սահմանագիծը, հետո նվազելով տարեվերջին հասել է 1․4%-ի։ Թարմ ձկան գնաճը տարեսկզբի 34%-ից նվազել է 0․1%-ի, սառեցված ձկան գնաճը 2․6%-ից տարեվերջին հասել է 26․6%-ի։

Կաթնամթերք, պանիր, ձու ապրանքախմբի ապրանքների գնաճը առաջին ամիսների որոշակի անկումից հետո տարեկեսից սկսել է բարձրանալ ու տարեվերջին կազմել է ավելի քան 11%։ Անարատ կաթի դեպքում տարեվերջին աճը որոշակի նվազում է գրանցել և ավարտվել է ավելի քան 11%-ոց գնաճով։ Մինչդեռ պահածոյացված կաթի գնաճը հասել է գրեթե 31%-ի, ընդ որում բոլոր ամիսներին այն կայուն վերելք է գրանցել։ Պանրի և կաթնաշոռի դեպքում տարեկեսին եղել է շուրջ 25 տոկոսանոց գնաճ, որը որոշակիորեն նվազելով տարեվերջին հավասարվել է գրեթե 20%-ի։ Ձուն միակ ապրանքատեսակն է, որ գնանկում է գրանցել․ 6․2%։ Կարագը թանկացել է 4%-ով, մարգարինն ու բուսական մյուս յուղերը՝ որոշակի գնանկումից հետո տարեվերջին ունեցել են 23․4%-ոց գնաճ, մրգերը տարեվերջին թանկացել են 11%-ով, բանջարեղենը՝ ավելի քան 2 տոկոսով, կարտոֆիլը 11․5%-ով, շոկոլադը՝ 8․5%-ով, հրուշակեղենը 12%-ով և այդպես շարունակ։ Նշենք, որ էժանացած քիչ սննդամթերքի մեջ է նաև շաքարը՝ 2․1%-ոց գնանկում: