Պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները հանգեցնում են կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջի. Հոկտանյան

Պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները հանգեցնում են կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջի. Հոկտանյան

Վերջին երեք տարիներին արձանագրած առաջընթացից հետո Հայաստանը կոռուպցիայի ընկալման սանդղակում հետընթաց է գրանցել։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նոր զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2022-ին կոռուպցիայի ընկալման ցուցանիշով զիջել է դիրքերը 5 հորիզոնականով՝ հայտնվելով 63-րդ տեղում, մինչդեռ 2021-ին 180 պետությունների շարքում 58-րդն էր։ Հեղինակավոր կազմակերպությունը նահանջը մտահոգիչ է համարում:

«Եթե մենք նայում ենք կոռուպցիոն դրսևորումներին, ինչպես ասվեց, դա և իրավապահ համակարգի խնդիրներն են, որ քաղաքական կոռուպցիայի ինչ-որ երևույթ կարելի է համարել, երբ որ իրավական համակարգը սելեկտիվ մոտեցում է ցուցաբերում», - ասաց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը:

Ինչո՞ւ է նման հետընթաց արձանագրվել։ Զեկույցի հեղինակ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանն առաջին հերթին մատնանշում է տարբեր օրենքների չգործելու խնդիրը։

«Այստեղ է, որ ես ասում եմ՝ եթե միջոցներ լինեն, պետք է ուսումնասիրել՝ ինչպե՞ս է կիրառվում օրենքը և ի՞նչ ենք մենք ունենում, ասենք, ստեղծեցինք այդ մարմինները, ինչպե՞ս են իրենք գործում», - նշեց Հոկտանյանը:

Պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները և նմանատիպ այլ գործողություններն են հասարակության շրջանում կասկածներ հարուցում՝ հանգեցնելով կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջի, նշում է Հոկտանյանը հավելելով՝ անկումը կարող է շարունակվել։

Հեղափոխությունից հետո 2019-ին, երբ ընդունվում էր հակակոռուպցիոն եռամյա ռազմավարությունը, իշխանությունները բարձր նշաձող էին սահմանել՝ կոռուպցիայի ընկալման միավորը հասցնել 55-ի, այն ինչ՝ այժմ ցուցանիշը 49-ից իջել է 46-ի։

Որոշակի թերացումներ եղել են. ընդունում է Ազգային ժողովի իշխող «քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գևորգ Պապոյանը։

«Ցավոք սրտի, ասել, որ կոռուպցիան ամբողջապես կարողացել ենք արմատախիլ անել, չէ: Ներքևում կոռուպցիան որոշակի դրսևորումներ ունի, բայց ես վստահ եմ, որ քաղաքական ղեկավարությունը երկրի, վարչապետը կոռուպցիայի հետ ունի շատ անհանդուրժողական և անհամատեղելի վերաբերմունք: Բացառում եմ դրա համակարգային լինելը», - ասաց Պապոյանը:

Հիշեցնելով Ազգային ժողովի նախագահի եղբոր ղեկավարած ընկերության և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքի բիզնես հաջողությունները՝ լրագրողները շաբաթներ առաջ անձամբ վարչապետից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են իր քաղաքական թիմի անդամները հարստանում, ինչո՞ւ դա չի հանգեցնում քրեական գործերի և պաշտոնանկությունների: Այս հարցերին ի պատասխան Փաշինյանը պնդեց՝ նշված դեպքերում կոռուցպիոն դրսևորումներ չկան, լինելու դեպքում համակարգը կարձագանքի։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլի» կոռուպցիայի ընկալման համաթիվը, օգտագործելով մի շարք աղբյուրներ, գնահատում է, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում կոռուպցիայի վիճակն իրենց երկրում։ Երևանի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներն այսօր, հիմնականում, նշեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց առայժմ չեն նկատել։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլի» զեկույցը փաստում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության չեն կարողացել հասնել աշխարհի երկրների մեծամասնությունը։ Չնայած որոշակի նահանջին՝ տարածաշրջանում Հայաստանը լավագույն երկրորդ ցուցանիշն ունի Վրաստանից հետո և զգալիորեն առաջ է Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից։

Աղբյուրը՝ azatutyun.am