Մարզերին հատկացվել է 1 մլրդ 412 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Մարզերին հատկացվել է 1 մլրդ 412 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 1,412,571.9 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 2022 թ. քննարկվել և հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ. հաստատված և հիմնականում ավարտված սուբվենցիայի 25 ծրագրերը, որոնք իրականացվել են 17 համայնքներում: 25 –ից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:

Փոխվարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում իրականացվել են 8000 գծմ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ոռոգման համակարգի նորոգման, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, Զառ բնակավայրում իրականացվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի մշակույթի տները: