Ճանապարհների ձյունամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները խիստ վերահսկվում են մարզպետարանի կողմից

Ճանապարհների ձյունամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները խիստ վերահսկվում են  մարզպետարանի կողմից
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզային (տեղական) նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող ճանշինների ներկայացուցիչների հետ և խիստ հանձնարարեց ձյան առկայության պայմաններում ապահովել երթևեկող վարորդների անվտանգությունը։
Մարզպետը նշեց, որ ճանապարհների ոչ պատշաճ մաքրման հետ կապված օրերս մի շարք բողոքներ է ստացել քաղաքացիներից, մերկասառույցի առկայության հետևանքով արձանագրվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Այս առնչությամբ Սերգեյ Մովսիսյանը նկատողություն տվեց իրենց աշխատանքում թերացած ճանշիններին, հանձնարարեց այսուհետ շտկել ոչ հետևողական աշխատաոճը՝ նշելով, որ մարզպետարանի կողմից մարզի ճանապարհների սպասարկման որակը խստագույնս վերահսկվելու է։
«Մեզ համար մեր քաղաքացիների անվտանգությունը խիստ կարևոր է, և յուրաքանչյուրդ ձեր աշխատանքը պարտավոր եք իրականացնել առանց թերացումների»,-ընդգծեց մարզպետը։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնենք, որ ըստ տարածաշրջանների, Արագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացվում է 4 կազմակերպությունների կողմից՝
Աշտարակ- «Գրիգոր Շին» ՍՊԸ, տնօրեն՝ Վարդան Կարապետյան:
Թալին-«Ֆարմար Շին» ՍՊԸ, տնօրեն՝ Համլետ Մարգարյան:
Ապարան-«Ապարանի ՃՇՇՁ» ԲԲԸ, տնօրեն՝ Ատոմ Գասպարյան:
Արագած-«Հովհաննես Մարտիրոսյան»,ՍՊԸ, տնօրեն՝ Հովհաննես Մարտիրոսյան: