ՎԶԵԲ-ը մեկնարկել է ՎԶԵԲ-AgVenture մրցույթը

ՎԶԵԲ-ը մեկնարկել է ՎԶԵԲ-AgVenture մրցույթը
  • ՎԶԵԲ-ը մեկնարկում է մրցույթ՝ պարենամթերքի և ագ-տեխնոլոգիաների մրցունակությունն ու աճը բարձրացնելու նպատակով:
  • Սթարտափները կօգնեն լուծել հիմնական խնդիրները, որոնց այսօր բախվում են պարենային համակարգերը:
  • Հաղթող սթարտափները կստանան մրցանակներ, այդ թվում՝ մենթորություն, դրամաշնորհներ, ինչպես նաև փոխգործակցության ցանցերին մասնակցելու,  տեսանելիության ապահովելու հնարավորություններ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկնարկել է ՎԶԵԲ – AgVenture մրցույթը։ Ողջունվում է հայտերի ներկայացումը բոլոր այն երկրներից, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում ՝ փորձելով աջակցել վաղ փուլում գտնվող ագրոբիզնեսի նորարարական ձեռնարկություններին։ Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ լրատվական ծառայությունը։ 

ՎԶԵԲ AgVenture–ը նպատակ ունի լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են պարենային համակարգերը, օրինակ՝ պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, համաշխարհային արժեշղթաներում թիրախային խմբերի և փոքր բիզնեսի ընդգրկման խնդիրները։

Պարենային անվտանգությունը ամենահրատապ մարտահրավերն է, որը ծառացած է ամբողջ աշխարհի առջև։ Ակնկալվում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կաճի 2012 թվականին գրանցված՝ մոտ 7 միլիարդից մինչև 9,6 միլիարդ: Բացի այդ, կլիմայի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում սննդի շղթայի բոլոր օղակների վրա, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացումը շարունակում է մեծացնել ջրային սթրեսը գյուղատնտեսական վայրերում։

ՎԶԵԲ-ը ցանկանում է լուծել այս խնդիրներից մի քանիսը` խթանելով նորարարական ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացումը, և դարձնել սննդամթերքի արտադրությունը ավելի կայուն, արդյունավետ և ներառական:

Հաղթող սթարտափները կօգտվեն մինչև 80,000 եվրո արժողությամբ անհատականացված խորհրդատվական աջակցությունից՝ ՎԶԵԲ-ի Star Venture ծրագրի  միջոցով, և 10,000 եվրո դրամաշնորհից՝ լրացուցիչ ծառայությունների, փոխգործակցության ցանցերի և միջազգային ֆորումներում տեսանելիության հնարավորությունների ստեղծման համար:

ՎԶԵԲ-ը նաև կխրախուսի ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին ավելի ակտիվ դեր ստանձնել սթարտափների ոլորտում՝ աջակցելով առաջադեմ տեխնոլոգիաներին կամ տրամադրելով ֆինանսավորում, օրինակ՝ կորպորատիվ վենչուրային կապիտալ:

Մրցույթը մեկնարկել է առցանց միջոցառման ժամանակ՝ ներդրողներին ապագա մասնակիցների հետ ծանոթացնելու համար։ Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են, թե ինչ են ակնկալում սննդամթերք արտադրող և ագ-տեխ նորաստեղծ ձեռնարկություններից: Միջոցառմանը ներկա էր Fresh Start foodtech ինկուբատորի գործադիր տնօրեն Նոգա Սելա-Շալևը։ Պանելիստների թվում էին. South Central Ventures-ի կառավարիչ գործընկեր Յան Կոբլերը, eAgronom-ի գործադիր տնօրեն Ռոբին Սալուոկսը և Planet Fund-ի գործընկեր և կլիմայի ուսումնասիրության բաժնի ղեկավար Միքոլ Չիեզա Չերչիլը:

Հաղթող սթարտափները կհայտարարվեն ապրիլի վերջին։