Լարսում անցանելիության խնդիր չկա. Կոբիի մոտ թեթև խցանում է՝ պայմանավորված մեքենաների դանդաղ ընթացքով. մաքսային կցորդ

Լարսում անցանելիության խնդիր չկա. Կոբիի մոտ թեթև խցանում է՝ պայմանավորված մեքենաների դանդաղ ընթացքով. մաքսային կցորդ

Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար ճանապարհը բաց է, սահմանը՝ ազատ: Այս մասին  ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Վերջին օրերին Վրաստանի՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ակտիվ ձյուն էր տեղում: Բարդ եղանակային պայմանների պատճառով ինտենսիվ կերպով իրականացվում էին ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Տեղում մոբիլիզացվել էին ձնամաքրման տեխնիկաներ, ավտոճանապարհներին շարունակաբար թափվում էր տեխնիկական աղ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի երթևեկությունը։ Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով  արգելվում էր կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը սակայն ազատ էր։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում էր միայն հակաձնահոսքի թունելներով»,- ներկայացրեց Վահան Հակոբյանը։

Նա նշեց, որ բեռնատարների վարորդները սովորաբար նախապես տեղեկանում են ճանապարհների վիճակի մասին և կարող են պլանավորել իրենց ճանապարհը այնպես, որ չարգելափակվեն ձնաբքերի գոտիներում, այլ տեղակայվեն հատուկ բեռնատարների համար նախատեսված կայանատեղիներում:

Հարցին՝ բեռնատարների հերթերի սակավությունն ինչո՞վ է պայմանավորված, մաքսային կցորդն ասաց. «2022թ. նոյեմբերի վերջից գործարկվեց 4-րդ ռենտգեն սարքավորումը, ինչը թույլ տվեց զգալիորեն մեծացնել սահմանային կետի թողունակությունը դեպի Ռուսաստան, հասցնելով այդ ցուցանիշը օրական 450-500 բեռնատարի: Ձմռան ամիսներին՝ կախված եղանակային պայմաններով, սահմանակետի ծանրաբեռնվածությունը ավելի ցածր է լինում քան մյուս ամիսներին, սակայն արդեն մարտ ամսից սպասվում է հոսքի զգալի աճ»,- ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ այս պահին դեպի Ռուսաստան թողունակությունը կազմում է 450-500 բեռնատար, իսկ դեպի Վրաստան՝ 600-700 բեռնատար:

«Գլոբալ առումով այս պահին մեքենաները չունեն անցանելիության խնդիր։ Կոբիի մոտ թեթև խցանում կա, ինչը պայմանավորված է մեքենաների՝ դանդաղ ընթացքով»,- հավելեց Վահան Հակոբյանը։

Աղբյուրը՝ news.am