Արցախում սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Արցախում սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:

Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։

Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ 

Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։   

Աղբյուրը՝   shabat.am