Գերմանիայի կառավարությունը կթեթեւացնի Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին այցագիր տալու պայմանները

Գերմանիայի կառավարությունը ցանկանում է ժամանակավորապես թեթեւացնել այցագրային սահմանափակումները Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից փրկվածների համար, ովքեր սերտ ընտանեկան կապեր ունեն Գերմանիայի հետ, եթե նրանք անօթեւան են կամ վիրավոր, հայտնում է Associated Press-ը։
«Դժվար պահերին օգնելու մասին է խոսքը: Մենք ցանկանում ենք Գերմանիայում գտնվող թուրք կամ սիրիացի ընտանիքներին հնարավորություն տալ աղետի գոտուց մերձավոր ազգականներին բերել», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը:
«Նրանք կարող են մեզ մոտ ապաստան գտնել եւ բժշկական օգնություն ստանալ», - նշել է Ֆեյզերը․ «Սովորական այցագրերով, որոնք տրվում են արագ եւ ուժի մեջ են երեք ամիս»։
Այնուամենայնիվ, սովորական այցագրի ընթացակարգի ոչ բոլոր պահանջներն են չեղարկվում: Դիմորդները դեռեւս պետք է կարողանան վավեր անձնագիր ցույց տալ, ինչը, հավանաբար, խոչընդոտ կլինի փլուզվող շենքերից փախչող մարդկանց համար:
Գերմանիայում մի քանի միլիոն մարդ թուրքական արմատներ ունի, քանի որ ավելի քան 60 տարի առաջ Արեւմտյան Գերմանիան հավաքագրել էր «հյուր աշխատողներ» Թուրքիայից եւ այլ երկրներից՝ օգնելու երկրին տնտեսապես զարգանալ:
Վերջերս հարյուր հազարավոր սիրիացի փախստականներ են մեկնել Գերմանիա՝ իրենց հայրենիքում սկսված պատերազմի պատճառով։
Գերմանիայի կառավարությունն ասել է, որ արագ կթեթեւացնի այցագրի սովորաբար խիստ եւ բյուրոկրատական պայմանները՝ հավելելով, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն հավելել է իր աշխատակազմը Թուրքիայում եւ վերաբաշխել կարողությունները այնտեղ այցագրերի ընդունման կենտրոններում:
Երկրաշարժից տուժածները, ովքեր ցանկանում են ապաստան խնդրել Գերմանիայում եւ դիմել եռամսյա այցագրի համար, պետք է ապացուցեն, որ Գերմանիայում ունեն ընտանիքի մտերիմ անդամներ, ովքեր ունեն Գերմանիայի քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք, հաղորդում է գերմանական DPA գործակալությունը։
Գերմանիայից հյուրընկալող ընտանիքի անդամը պետք է հայտարարագիր ներկայացնի՝ խոստանալով վճարել հյուրընկալողի կեցության եւ հետագայում հեռանալու ծախսերը:
Աղբյուրը՝ news.am