Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները

Հայաստանը փետրվարի 15-ին ավարտել  է աշխատանքներն ու ադրբեջանական կողմին  փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 16-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմը նախագծի վրա աշխատում է հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ է ստորագրել: Վարչապետը հավելեց՝ հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:

«Եվ մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այպիսի սցենար), այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը կրկին արտահայտեց ՀՀ կառավարության և անձամբ իր հանձնառությունը՝ օր առաջ ստորագրելու խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիր, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Վարչապետն ընդգծեց, որ պատրաստ է վերցնել ու կրել այդպիսի պատասխանատվություն:

Աղբյուրը՝   armenpress.am