2022թ․-ին հանրապետությունում անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության թիվը նվազել է

2022թ․-ին հանրապետությունում անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության թիվը նվազել է

ՀՀ կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2022թ․-ի տարեկան վերլուծությունը։ Համաձայն հրապարակման՝ անցած տարի հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204910 իրավունքի պետական գրանցման գործարք։ 2021թ․-ին համանման գործարքների թիվը կազմել է 201563։ 2022թ․-ին գրանցված գործարքների ավելի քան երրորդ մասը՝ 34․5%-ը կատարվել է Երևանում։

Մայրաքաղաքից հետո հաջորդ ամենաակտիվ շուկան Կոտայքի մարզն է։ Այստեղ գրանցվել է հանրապետության ընդհանուր գործարքների 17․2%-ը։ Սրան հաջորդում են Արմավիրի մարզը (9․0%) և Արարատը (8․5%)։ Հանրապետությունում ամենաքիչ գործարքները գրանցվել են Վայոց Ձորի մարզում, ընդհանուրի 2%-ը։ Ավելորդ չէ նշելը, որ 2021թ․-ի համեմատությամբ անցած տարի գործարքների թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության երեք մարզերում․ Արարատում (անկումը կազմել է 17․2%), Արմավիրում (0․6%) և Գեղարքունիքում (4․6%)։ Անցած տարի գործարքների աճի առումով ամենաակտիվը եղել է Տավուշի մարզը, որտեղ աճը կազմել է 14․8%, այնուհետ Կոտայքը՝ 9․2%։ Երևանում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է գործարքների 2․1%-ոց աճ։ Մայրաքաղաքում գործարքների բացարձակ թիվը կազմել է 64547, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 50314, իսկ գյուղական բնակավայրերում՝ 90049։

Գործարքների «առյուծի բաժինը»՝ 38․2%-ը եղել են օտարման գործարքներ։ 5․2%-ը՝ վարձակալության, 19․3%-ը ժառանգությանը վերաբերող գործարքներ։ Բացարձակ թվով գրանցվել է օտարման 78․187 գործարք, որից 52928-ը առուվաճառք, 23099-ը՝ նվիրատվություն, մնացածը օտարման այլ տեսակներ։ Ավելորդ չէ նշելը, որ 2021թ․-ին գրանցված օտարման 75․524 գործարքներից առուվաճառքի թիվը կազմել է 56044։ Փաստորեն վերջին տարում ավելի քան 3 հազարով նվազել են առուվաճառքի գործարքները։ Բավականին հետաքրքիր մեկ այլ ցուցանիշ ևս․ 2021թ․-ին բացարձակ թվով արձանագրվել է վարձակալության 11432 գործարք, իսկ 2022թ․-ին, երբ հայտնի պատճառներով փաստացի Երևանում նկուղներն ու խորդանոցներն էին տրվում վարձակալության, պաշտոնապես վարձակալության թիվը կազմել է 10․638, նվազելով շուրջ 800-ով։ Ընդ որում հանրապետությունում գրացված 10600 վարձակալություններից 5957-ը գրանցվել է մայրաքաղաքում։ 2021թ․-ին Երևանում գրանցվել է վարձակալության 5429 գործարք։

Հանրապետությունում բացարձակ թվով գրանցված 52928 առուվաճառքի դեպքերից 17734-ը իրականացվել է Երևանում, 12542-ը՝ մարզերի քաղաքային բնակավայրերում, 22652-ը՝ գյուղական բնակավայրերում։ 23100 նվիրատվությունից 7334-ը կատարվել է Երևանում, 5806-ը՝ մարզերի քաղաքային բնակավայրերում և 9960-ը՝ գյուղական բնակավայրերում։

Գրանցված ընդհանուր գործարքների 38․3%-ը եղել են «հողային» գործարքներ, հողերի առուվաճառք, նվիրատվություն և այլն։ Գործարքների 27․6%-ը վերաբերել են բնակարաններին, 21․4%-ը բնակելի տներին, 7․5%-ը հասարակական նշանակության շինություններին։

Գործարք է իրականացվել 78491 միավոր հողի նկատմամբ։ Սրանից 47896 միավորը եղել է գյուղատնտեսական նշանակության հող։  Վաճառվել կամ նվիրատվություն է ձևակերպվել 56580 բնակարանի դեպքում, 43920 անհատական բնակելի տան, 15460 հասարակական նշանակության շինության, 5874 ավտոտնակի և 4585 արտադրական նշանակության շինության դեպքում։