Վարչապետը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ նախագահի և Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահի հետ

Վարչապետը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ նախագահի և Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: