Արարատի մարզի Վեդի համայնքում բացվել է «3D Պլաստ» ընկերությունը

Արարատի մարզի Վեդի համայնքում բացվել է «3D Պլաստ» ընկերությունը
Արարատի մարզի Վեդի համայնքում բացվել է «3D Պլաստ» ընկերությունը, որը զբաղվում է 3D տպիչների համար նախատեսված լցանյութի արտադրությամբ։
Ընկերության բացման արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ Հայկ Չոբանյանն ու այլք։
Ներկաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական ծավալներին և որակին։
Ընկերության հիմնադիրներից Օրբել Խաչատրյանը ներկայացրել է, որ իրենց ընկերության կողմից արտադրվող լցանյութն իր արտադրողականությամբ հայաստանյան շուկայում առաջատար է։
«Մենք ներկրում ենք միայն հումքը, մնացած ամեն ինչ տեղական արտադրությամբ ենք ստեղծում։ Մեր արտադրողական ծավալներով կարող ենք լցանյութ մատակարարել «Արմաթ» լաբորատորիա ունեցող դպրոցներին ու հայաստանյան շատ ընկերությունների, զբաղվել նաև արտահանմամբ։ Մի շատ կարևոր փաստ մեր արտադրանքի մասին՝ այն պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից, թունավոր չէ, ամբողջական բնական հումքից է պատրաստվում»,– ներկայացրել է Օրբել Խաչատրյանը։
Ընկերությունում այս պահին 3 աշխատակից կա, արտադրական ծավալները մեծացնելու միտում ունեն, նախատեսում են արտադրել նաև 3D տպիչներ և սկաներներ։