Ստորագրվեց Ամուլսարի շահագործման եռակողմ փոխըմբռնման հուշագիր

Դեռևս առավոտյան ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր 250 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ է ստորագրելու՝ Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով։ Երեկոյան եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի միջև։
«Կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում այս պայմանագրով ներգրավել 150 մլն դոլար, բայց պայմանագրից դուրս ներդրվելու է ևս մոտ 100 մլն դոլար՝ Ամուլսարի վերագործարկման ուղղությամբ»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Նշվեց, որ Եվրասիական զարգացման բանկը ներդնելու է 100 մլն դոլար, որպես վարկային միջոցներ, իսկ 50 մլն դոլարը կներգրավվի տեղական բանկից։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Փաստաթղթով նախատեսվում է նաև ազդակիր համայնքներին՝ որպես բաժնետեր, ամեն տարի ընկերության կողմից հատկացնել 7 մլն դոլար և ապահովել հարյուրավոր աշխատատեղեր։
Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենն ապահովելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը: ՀՀ կառավարության 12,5 տոկոս բաժնետոմսերի կառավարումն, ամենայն հավանականությամբ, կհանձնվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Գնահատված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է մոտ 1 տոկոսով և դա բավականին բարձր ցուցանիշ է: Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորություններից», - ասաց Քերոբյանը և հավելեց, որ ընկերությունն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները՝ աշխատանքները սկսելու համար։
«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչը նշեց, որ երկուսուկես տարի ծախսել են որպեսզի մշակեն տնտեսական առաջարկը, այդ թվում նաև բնապահապանական և աշխատանքային ստանդարները։
«Սա նոր սերնդի հանք է լինելու և համապատասխանելու է բնապահպանական ցանկացած ստանդարտի։ Սա նաև տնտեսական նոր մոդել է Հայաստանի համար»,-վստահեցրեց նա։