2022թ․-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությամբ պայմանավորված` ՀՀ տնտեսությունն անվանական արտահայտությամբ ընդլայնվել է 1,5 տրիլիոն դրամով:
2015-2021թթ․ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների տարեկան զուտ ներհոսքը կազմել է առավելագույնը 722 մլն դոլար, իսկ մինչ 2015 թ․-ը՝ Ղրիմի իրադարձությունները, Ռւսաստանից Հայաստան գալիս էր 1,3-1,5 մլրդ դոլար (540-610 մլրդ ՀՀ դրամ)։ Ղրիմի իրադարձություններից հետո կայուն կերպով այդ ցուցանիշը նվազեց՝ տատանվում էր 1 մլրդի շրջանակում։ 2022-ին, սակայն պատկերը կտրուկ փոխվեց։ Անցած ապրիլ-նոյեմբեր ոչ լրիվ տարվա զուտ ներհոսքի հանրագումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար (1,1 տրլն ՀՀ դրամ), իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 3,1 մլրդ դոլար։ Այսպիսով՝ մեր տնտեսությունը մեկ տարվա ընթացքում անվանական արտահայտությամբ ընդլայնվել է 1,5 տրիլիոն դրամով:
Սրանք արդյունքներն են, որոնք Ռուսաստանի՝ Ուկրանիայում վարած պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա համատեքստում իրականացրած հետազտությունների արդյունքում ներկայացրել են մասնագետները։ Այս հետազոտությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։
Ըստ հետազոտողների՝ ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտությունը հնարավորություն է տվել տնտեսության որոշակի ոլորտների առաջանցիկ աճին, չնայած բազմաթիվ բացասական հետևանքների։ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տ․գ․թ դոցենտ, Արմեն Քթոյանը փաստում է, որ ազդեցությունը եղել է երեք ուղղություններով՝ ֆինանսաբանկային, տնտեսության իրական և արտաքին հատվածներում։ Փորձագետները վիճակագրական թվերի օգնությամբ նկարագրել են տնտեսությունում ստեղծված իրավիճակը։
Քթոյանի խոսքով՝ արձանագրվել է Հայաստանի բանկային համակարգում ներգրավված ավանդների շոշափելի աճ ։ Նման աճ վերջին 10 տարվա ընթացքում տեղի չի ունեցել, և սա աննախադեպ է. 2022թ․ մարտ-նոյեմբերին ոչ ռեզիդենտներից բանկերի ներգրաված ավանդների ծավալը բացարձակ արտահայտությամբ ընդլայնվել է 570 մլրդ դրամով՝ 825 մլրդ դրամից հասնելով 1,4 տրլն դրամի (պատմականորեն առավելագույն մակարդակ, հավելաճի տեմպը՝ 70%)։ Ռեզիդենտներից ներգրաված ավանդների ընդհանուր մեծությունը ևս զգալի աճ է արձանագրել՝ 2022թ․ մարտ-նոյեմբերի ամիսներին բացարձակ ավելացումը կազմել է 400 մլրդ ՀՀ դրամ (աճը՝ շուրջ 13%)։
«Հարց եք բարձրացնում՝ հակամարտությունն ինչպիսի՞ պոտենցիալ է պարունակում տնտեսության զարգացման համար և որքանո՞վ են արդյունավետ օգտագործվում այդ ռեսուրսները։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ավանդների մասով հիմնական ընդլայնումը բաժին է ընկնում ցպահանջ ավանդներին, որոնք տնտեսության մեջ օգտագործելու առումով սահմանափակ հնարավորություններ ունեն ինչ-որ առումով»,- ասաց Քթոյանը։
Նա նաև անդրադարձավ վարկերի, տոկոսադրույքների, տոկոսադրույքների սփրեդի, բանկային համակարգի, վճարային քարտերի թողարկման և դրանց գործարքների վրա տեղի ունեցած ազդեցություններին։ Մասնավորապես, ըստ նրա, օրինակ, 2022 թվականին բանկային համակարգի շահույթը ընթացիկ ժամանակահատվածում կազմել է 240 միլիարդ դրամ, որն աննախադեպ ցուցանիշ է, ու չորս անգամ ավելի է, քան նախորդ 10 տարիների ընթացքում է եղել. «2022թ․ երրորդ եռամսյակի վերջում ՀՀ բանկերի կողմից թողարկված, շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը գերազանցել է 3 մլն-ը, ինչը 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ ավելի է 16 տոկոսով, այն դեպքում, երբ 2020-2021-ի նույն եռամսյակում քարտերի թվի աճը կազմել է միայն 5%»,- հավելեց նա։
Տնտեսության իրական հատվածի վրա պատերազմի ազդեցության մասին էլ խոսեց ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Անուշ Շիրինյանը։ Նա նշեց՝ Հայաստանում 2022-ի համար տնտեսական աճի ՀԲ գնահատականը 10,8% է, չնայած այն որոշակիորեն ցածր է, քան ՀՀ կառավարության գնահատականներն են, միևնույն ժամանակ 7,3 տոկոսային կետով բարձր է 2022թ․ հունիսի կանխատեսումային մակարդակից. «2022թ․ մարտ-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աննախադեպ բարձր մակարդակներ է արձանագրել։ 2012-2016թթ․ և 2017-2021թթ․ չի եղել որևէ ամիս, որի ընթացքում տնտեսական ակտիվության աճի՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ տեմպի միջին մեծությունը գերազանցի 6 տոկոսը։ Գրանցվել է 22 700 նոր անհատ ձեռնարկատեր և շուրջ 10 հազար ՍՊԸ։ 2022թ․ մարտ-նոյեմբերին ամիսներին ՀՀ-ում ԱՁ-ների և ՍՊԸ-ների սկզբնական գրանցումների 32 –ից 38 տոկոսը կարելի է վերագրել Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի հետևանքով ստեղծված շոկային տնտեսական գործոններին»։
Շիրինյանը անդրադարձավ նաև առևտրի շրջանառության, ծառայությունների ոլորտի, տեղեկատվության և կապի, գործազրկության ցուցանիշներին։
Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության խորհրդատու, փորձագետ Աստղիկ Խաչատրյանն էլ առանձացրել էր պատերազմի ազդեցությունը արտահանման ու ներմուծման վրա։ Ըստ նրա՝ ապրանքաշրջանառության երկնիշ աճը մարտին փոքր-ինչ դանդաղել է, ապա՝ դարձյալ աճել․ «Մենք ունեցել ենք արտահանման 77.7 և ներմուծման 63.5 տոկոս աճ։ Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը շուրջ 45 տոկոս է։ որպես ԵԱՏՄ անդամ երկիր մի շարք ապրանքատեսակների համար Հայաստանը նաև տարանցման դեր է կատարել։ Արտաքին առևտրի կառավարման առումով Հայաստանի համար նոր մարտահրավեր է, հետևաբար, այդ առումով համապարփակ կառավարման կարիք կա»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմը Հայաստանի տնտեսության արտաքին հատվածի համար ենթադրում է ինչպես որոշակի ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ, օրինակ՝ ծառայությունների արտահանման ծավալների աճի հնարավորություններ՝ պայմանավորված դեպի ՀՀ ՌԴ քաղաքացիների մեծ հոսքով։
Իսկ թե ո՞ր ապրանքատեսակներն են ավելի շատ արտահանվել հարցին, Աստղիկ Խաչատրյանը պատասխանեց․ « Արտահանման կառուցվածքում մեծացել է « Այլ ապրանքատեսակների» կշիռը։ Օրինակ՝ ավտոմատ հաշվիչ մեքենաների, ավտոմեքենաների և պահեստամասերի արտահանման ծավալներն են աճել և դա, բնականաբար վերաատահանում է»,-ասաց նա ։
Հատազոտությունը նախատեսվում է ներկայացնել նաև շահագրգիռ կառույցներին։