ZipWnie․ նոր վայր զբոսաշրջային քարտեզի վրա

ZipWnie․ նոր վայր զբոսաշրջային քարտեզի վրա

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում նոր հանգստավայր է բացվել։ Ինչպես տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից՝ այստեղ
էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար կառուցվել է zipline, որի թռիչքով այցելուները ձորամիջով կանցնեն Օրգով համայնք:
Գինու տուրիզմի սիրահարների համար գործում է գինու համտեսի սրահ։ Զբոսավայրում կառուցված է լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ: Հետագայում նախատեսվում է այցելուների համար գիշերակացի հնարավորություններ ևս ստեղծել:
Նոր հանգստավայրի բացման արարողությանը ներկա էր ZipWnie ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը,  պաշտոնյաներ Արագածոտնի մարզպետարանից, Բյուրական և Օրգով համայնքապետարաններից, ներկայացուցիչներ զբոսաշրջային ընկերություններից, գինեգործներ և այլ հյուրեր:
Ներկաներն ընդգծեցին Բյուրական համայնքի զբոսաշրջային ներուժի, առկա ռեսուրսների ճիշտ օգտագործելու կարևորությունը,  համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ վայրերի շնորհիվ Արագածոտնի մարզը զբոսաշրջային քարտեզի վրա էլ ավելի ճանաչելի կդառնա։  Ներկաները շրջայց կատարեցին համալիրի տարածքում, դիտեցին zipline-ի փորձնական թռիչքը, ծանոթացան այստեղ մատուցվող տուրիստական ծառայություններին ու հնարավորություններին: