Առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը

Առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում դրա տեղադրման գործառույթները: Սահմանվում են վարչական տուգանքներ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցման:

««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հնչեցրած հարցի՝ հայտնել է, որ նախագծի ընդունումից հետո աղբահանության վճարների բարձրացում չի նախատեսվում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է հանրապետության տարբեր վայրերում, անգամ բակերում եւ կանաչ տարածքներում տարիներով գցված մեքենաների կմախքների հարցով: Պատգամավորն առաջարկել է օրենքում ամրագրել՝ եթե մեքենայի կմախքն ինչ-որ ժամանակից ավելի գցված է, ապա ավելի մեծ տուգանքներ եւ տույժեր սահմանվեն: Համաձայնելով՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ տարիներ առաջ մեքենաների կմախքների հավաքման գործընթաց նախաձեռնվել եւ իրականացվել է, ինչի արդյունքում իրավիճակը փոքր-ինչ բարելավվել էր: «Հիմա պատկերը շատ ավելի վատ է: Մեր բոլոր մայրուղիները, կարեւոր տուրիստական երթուղիները վերածվել են երկրորդային մեքենաների վաճառքի կետերի: Ընդունում եմ՝ պետք է որոշակի միջոցառումներ իրականացնենք: Իհարկե, միգուցե ոչ այս օրենքի շրջանակում, այլ ՏԻՄ-երի հետ կապված, քանի որ այստեղ խոսում ենք կոշտ կենցաղային թափոնների մասին»,- ասել է փոխնախարարը: Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանը բարձրացրել է նաեւ տարիներով տարբեր վայրերում՝ բակերում, փողոցներում կայանված մեքենաների հարցը: Նրա կարծիքով չի կարելի այդ խնդիրը չլուծել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը: Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ փետրվարի 28-ի նիստում: