Շատ հոսանք, քիչ ջուր․ Ադրբեջանի ստեղծած էներգետիկ ճգնաժամը բումերանգի էֆեկտ է ստանում

Շատ  հոսանք, քիչ ջուր․ Ադրբեջանի ստեղծած էներգետիկ ճգնաժամը բումերանգի էֆեկտ է ստանում

Արցախն իր էներգետիկ պահանջարկն արդեն երկու ամիս է, ինչ փորձում է բավարարել սեփական ռեսուրսների հաշվին՝  Սարսանգ ՀԷԿ–ից արտադրվող հոսանքի միջոցով։ Հունվարի 9–ից վնասված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, Ադրբեջանը թույլ չի տալիս այն վերանորոգել։ Արցախում  Սարսանգի ջրամբարի ջուրը ոռոգման նպատակով չի օգտագործվում։ Բավարարում է  միայն էներգետիկ ռեսուրսները։  «Այս պահին ջրի ծավալը կրկնակիից քիչ է՝ շուրջ 150 մլն խորանարդ մետր,մինչդեռ պետք է 550 մլն խորանարդ մետր լիներ»,–ejc.am -ի  թղթակցի հետ զրույցում փաստում է  Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը։Նա նաև նշում է, որ ջրամբարի նիշը 30 մետրից պակաս է։

Սարսանգի ջրամբարի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ հոսանքի արտադրությունից  հետո Սարսանգ ՀԷԿ–ի  ջրերը թափվում են Մատաղիսի ջրամբար, որտեղից էլ Ադրբեջանի տարածք և օգտագործվում ոռոգման նպատակով։ Այժմ ոռոգման սեզոն չէ, բայց ջրի մեծ մասն արդեն  ծախսվել է։ ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը ընդգծում է, որ դեռ հայտնի չէ, թե որքան ջուր կհավաքվի գարնանային սելավներից հետո։ Ուստի չի բացառվում, որ ադրբեջանական գյուղերը ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենան։   

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը օրերս  թելեգրամյան ալիքում գրել էր, որ Սարսանգի ջրային ռեսուրսների կրճատումը գարնանն ու ամռանը լուրջ խնդիրներ է  ստեղծելու հենց ադրբեջանցիների համարոռոգման ջուր չի ունենալու Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում շուրջ  96 000 հեկտար տարածք։ Արցախում՝ Թարթառ գետի վրա, 173 մեգավատ հզորությամբ նոր ՀԷԿ է կառուցվում։  Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, աշխատանքները կավարտեն հաջորդ տարի։ Բայց  նախատեսվածից շեղում արդեն կաայս փուլում շինանյութ հնարավոր չէ ներկրել։

 Արցախում ջուրն, ընդհանրապես, խնդիր է

44–օրյա պատերազմից հետո Արցախում ջրային ռեսուրսները մի քանի անգամ նվազեցին։ Քարվաճառի՝ թշնամուն անցնելուց հետո կարելի է  արձանագրել, որ Հայաստանն ու Արցախը ջրային պաշարների լուրջ կորուստ ունեցան։  Քարվաճառի ջրային կայանը Հայաստանի ու Արցախի ջրային դոնորն է։ Այստեղից են սկիզբ առնում ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Սևանա լիճ թափվող Արփա ու Որոտան գետերը։ Տարածքն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Քարվաճառի հատուկ պահպանության հարցը  կարևոր է եղել միշտ, այժմ  կենսական անհրաժեշտություն է։

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Քարվաճառի ջրային պաշարների մասին բարձրաձայնում է 30 տարուց ավելի։ Ավելին, անգլերենով հրապարակվել է  Դավիթ Բաբայանի Քարվաճառի ջրային ռեսուրսների մասին պատմող   «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գիրքը։