Չինաստանը չի շտապում ներդրումներ կատարել Իրանում

Չինաստանը չի շտապում ներդրումներ կատարել Իրանում

Չինաստան-Իրան փոխհարաբերություններն ավելի քան երկուհազարամյա պատմություն ունեն։ Դրանք պաշտոնապես սկիզբ են առել Իրանում՝ Արշակունիների, իսկ Չինաստանում՝ Հան հարստության իշխանության օրոք։ Հետիսլամական շրջանում երկու երկրների միջև փոխհարաբերությունները, ելևէջներով են ընթացել, բայց պահպանվել են։

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, թեև Թեհրանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականությունում ԻԻՀ-ը որդեգրել է «ո՛չ Արևելյան, ո՛չ Արևմտյան» սկզբունքը, սակայն ի սկզբանե նկատելի էր հակվածությունը դեպի Արևելք՝ տվյալ դեպքում Չինաստան։ Թերևս հաշվի առնենք, որ վերջինս Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի ժամանակ Թեհրանին զենք վաճառած միակ երկիրն էր։ Նշենք, որ ելնելով 80-ականներին իր որդեգրած արտաքին քաղաքականությունից և երկրի շահերից՝ Չինաստանը պատերազմի վերաբերյալ չեզոքություն էր դրսևորում ու հավասարապես զենք վաճառում պատերազմող երկու կողմերին:

Ինչպես նշում են իրանցի որոշ վերլուծաբաններ, ԻԻՀ-ը 40 տարի ջանքեր է գործադրել փոխհարաբերությունները Չինաստանի հետ սերտացնելու ուղղությամբ։ Թերևս հենց դա է վկայում Իրանի գրեթե բոլոր նախագահների այցը Չինաստան։ 1989թ․՝ պատերազմից ամիսներ անց, Չինաստան է այցելել ԻԻՀ-ի երկրորդ նախագահը՝ ներկայիս ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

2018թ․ մայիսին նախագահ Հասան Ռոհանին Սի Ծինփինի հրավերով ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Չինաստան, որի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել անդամ երկրների նախագահների հետ։ Նրանց ներկայությամբ կողմերի միջև Գոտի-ճանապարհ նախագծի (Belt and Road Initiative, BRI) շրջանակներում ստորագրվել է համագործակցության 4 համաձայնագիր՝ համատեղ հետազոտությունների, թմրանյութերի տարածման կանխարգելման, դրա դեմ պայքարի, բիրժայի ու արժեթղթերի ոլորտներում :

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով փետրվարի 14-17-ին եռօրյա պաշտոնական այցով բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ Չինաստանում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԳ, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության ու ճանապարհաշինության, Նավթարդյունաբերության, Գյուղատնտեսության, Արդյունաբերության և հանքերի ու Առևտրի նախարարները։ Չինական ԶԼՄ-ներն ու չինացի փորձագետները Ռայիսիի այցը գնահատել են հույժ կարևոր քայլ երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Բացի այդ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը ևս, անդրադառնալով երկու երկրների փոխհարաբերություններին, շեշտել է, որ դրանք հիմնված են ավանդական բարեկամության, փոխհարաբերությունների զարգացման ու ամրապնդման վրա, ինչը նրանց ռազմավարական ընտրությունն է։

Այցը մեծ արձագանք ունեցավ նաև միջազգային ԶԼՄ-ներում, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների շրջանակներում, ինչը պայմանավորված է 2022թ․ դեկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Պարսից Ծոցի ավազանի երկրներ կատարած շրջայցով, որից հետո Պեկին-Թեհրան փոխհարաբերություններում լարվածությունն ակնհայտ էր. Իրանի ԱԳ նախարարություն էր հրավիրվել նաև Իրանում Չինաստանի դեսպանը։ Այցի վերաբերյալ տեսակետներ են հայտնել նաև շատ քաղաքական գործիչներ։  Ահավասիկ, փետրվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով Ռայիսիի պեկինյան այցին, ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր Չինաստանի հետ իր փոխհարաբերությունների բովանդակությունն անձամբ է որոշում։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Իրանին, Վաշինգտոնի կարծիքով շատ կարևոր է, որ աշխարհի մյուս երկրները հայտարարեն, թե այդ երկրի միջուկային ծրագրերի զարգացումը, ջանքերը՝ ուղղված «ահաբեկչություն արտահանելուն», ազդեցությունը տարածաշրջանում ու դրանից դուրս, ընդունելի չեն որևէ երկրի համար։

Փետրվարի 13-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քյանանին, շեշտել է, թե այցի բուն նպատակը 25-ամյա ռազմավարական համաձայնության կյանքի կոչումն է՝ տնտեսական խնդիրների առանցքով: Ռայիսին ևս, մեկնելուց առաջ խոսելով այցի նպատակների մասին, շեշտել է, որ գլխավորը 25-ամյա համաձայնագրի իրականացման հարցերի շուրջ բանակցելն է։

Պաշտոնական արարողությունից անմիջապես հետո Պեկինում տեղի է ունեցել Սի Ծինփին-Ռայիսի առաջին հանդիպումը, որտեղ վերջինս նշել է, թե երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդումն ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վրա։ Սի Ծինփինը կարևորել է հարգանքն Իրանի տարածքային ամբողջականության հանդեպ, ինչն իրանական կողմը ողջունել է։ Այնուհետև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 20 համաձայնագիր ու հուշագիր։ Ռայիսին հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի վարչապետի և ազգային կոնգրեսի (խորհրդարան) նախագահի հետ։ Տնտեսագետների կարծիքով՝ այցից ակնկալվող  ձեռքբերում է տնտեսական բարձր աճը, սակայն դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ ուղիներ գտնելով Չինաստան նավթի արտահանման ծավալների մեծացման, բանկային հարցում առկա խնդիրների լուծման եւ սահմանափակումները կրճատելու համար ջանքեր գործադրելու ուղղությամբ։

Ի տարբերություն իրատեսական նման մոտեցումների՝ կան փորձագետներ, ովքեր խիստ արդյունավետ են գնահատում այցը։ Նախկին դիվանագետ, միջազգայնագետ Հասան Հադիզադեհն Իրան այցի առնչությամբ շեշտել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության 20 փաստաթղթի ստորագրումը, 500 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ուղղությամբ շատ լավ հնարավորություն է, դա նաև երկու երկրների միջև տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու քայլ է։ Նրա կարծիքով՝ Ռայիսիի այցը Պեկին տնտեսական, անվտանգության ոլորտներում և համագործակցության 25-ամյա համաձայնության իրականացման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ է արձանագրել ։

Նախագահ Ռայիսին էլ այցը գնահատել է հաջողված և խիստ արդյունավետ ու հույս հայտնել, որ ականատես են լինելու համագործակցության զգալի աճի տարբեր ոլորտներում։

   Աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանն իր ռազմավարական նախագծերով ու հստակ հաշվարկներով ձգտում է անաղմուկ առաջ ընթանալ։ Այդ համատեքստում նախագահ, Սի Ծինփինն իր տնտեսական ու քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար արտաքին քաղաքականության գլխավոր ուղեգիծն է դարձրել BRI նախագծի իրականացումը։ Դրա համաձայն՝ Պեկինը 70 երկրի ու միջազգային կազմակերպության ենթակառուցվածքներում ներդրումներ է կատարելու առևտրական երկու ուղղությունների՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի և Ծովային մետաքսի ճանապարհի զարգացման նպատակով։

Ներկա դրությամբ Չինաստանի կարևոր թիրախներից է միջինարևելյան տարածաշրջանը, որտեղ մրցակցելու է ԱՄՆ-ի հետ, թերևս լոկ տնտեսական բնագավառում՝ հաշվի առնելով այդտեղ վերջինիս ռազմական ու քաղաքական մրցույթից դուրս լուրջ ազդեցությունը։

Պեկինը գերադասում է կապերը սերտացնել առաջին հերթին այն երկրների հետ, որոնք ներդրումների համար ունեն նպաստավոր պայմաններ, տվյալ դեպքում առավել շահավետ են Պարսից Ծոցի ավազանի երկրները։ Իրանի հետ փոխհարաբերությունները ևս կառուցվում են այդ նկատառումներով, սակայն այժմ, Պեկինը դեռևս ձեռնպահ կմնա։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ այդ երկիրը տարածաշրջանի գերտերություններից է և զարգացումների վրա լուրջ ազդեցություն ունի, մի կողմից չի ցանկանում տարաձայնություններ ունենալ, մյուս կողմից պատրաստ չէ վտանգել Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ ունեցած տնտեսական լուրջ կապերը՝ հանուն ավելի փոքր շահերի։ 

2016թ․ հունվարին կյանքի կոչվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ  համաձայնությունը (Համատեղ համապարփակ համաձայնության ծրագիր, Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որով աստիճանաբար վերացվում էին Իրանի դեմ  ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բազմաբնույթ սահմանափակումները և ստեղծվում տնտեսական համագործակցության բարենպաստ պայմաններ։ Սրա շնորհիվ արևմտյան, ինչպեսև հեռավոր արևելքի երկրների ընկերություններն Իրանի հետ համագործակցության համաձայնություններ կնքելու նպատակով միմյանց հերթ չէին տալիս:

Ստեղծված իրավիճակում 2016թ. հունվարի 22-23-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկօրյա այցով ժամանեց Թեհրան։ Նա հանդիպում ունեցավ նաև Իրանի հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ, ինչից անմիջապես հետո քննարկման առարկա դարձավ Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համաձայնության հարցը:

Երբ 2018թ. ԱՄՆ-ը հեռացավ JCPOA-ից և վերականգնվեցին Իրանի դեմ այդ երկրի սահմանափակումները, չինացիները ևս լուրջ նահանջի քայլերով թուլացրեցին ակտիվությունը: Թեև Պեկինը շարունակեց Իրանից նավթի ներմուծումը, սակայն ծավալները զգալիորեն կրճատվեցին, ավելին, ստեղծված պայմաններում Իրան-Չինաստան համաձայնությունը վերջինս «մոռացության» մատնեց, կամ ավելի շուտ այդ հարցում էլ նվազագույնի հասցրեց հետաքրքրությունը։ Մինչդեռ, ըստ երևույթին, իրանական կողմը սահմանափակումների պայմաններում հույսեր էր կապել դրա հետ և լուրջ էր վերաբերվում պայմանավորվածությանը։

2020թ. հունիսին Իրանի նախկին նախագահ Ռոհանիի գլխավորած կառավարությունում Իրան-Չինաստան համապարփակ ռազմավարական 25-ամյա համագործակցության ծրագրի վերջնական տարբերակը հաստատվեց: Չինական կողմի հետ քննարկելուց հետո ԱԳ նախարարին հանձնարարվեց ստորագրել այն փոխադարձ շահերի հիման վրա: Իրանի կառավարության որոշումը լայն արձագանք գտավ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս, արևմտյան ԶԼՄ-ները հիմնականում ներկայացրեցին բացասական երանգներով: Քննադատություններ հրապարակվեցին նաև իրանյան ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։ Այն, որ առ այսօր համաձայնության բովանդակությունն ամբողջությամբ հրապարակված չէ, ևս ենթադրությունների ու ասեկոսեների տեղիք է տալիս։ Նշվում էր, թե «Չինաստանը 5000 զինուժ է տեղակայելու Իրանում», «Քիշի կղզին տրվելու է Չինաստանին», «Նավթն էժան գնով է վաճառվելու» և այլն:

   Բայց համաձայնության ստորագրումը ձգձգվեց, քանի որ Պեկինին ձեռնտու չէր սահմանափակումներով համաձայնագիրը։

2021թմարտի 27-ին՝ JCPOA-ի վերականգման շուրջ բանակցություններից 10 օր առաջ, Թեհրանում Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարներն Մոհամեդ Ջավադ Զարիֆն ու Վանգ Ին ստորագրեցին Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համագործակցության համաձայնություն, ինչի շրջանակներում Չինաստանն Իրանի ենթակառուցվածքներում 400 միլիարդ դոլարի ներդրում էր կատարելու։

Ըստ երևույթին Թեհրանի ակտիվությունը համաձայնության ստորագրման կապակցությամբ և «հայացք դեպի Արևելք» արտաքին քաղաքականության որդեգրումն ընկալվեցին որպես զիջողականություն։ Այս հանգամանքի պատճառով արձագանքներն ու քննադատություններն անհամեմատ բուռն էին թե՛ իրանյան և թե՛ միջազգային քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում, ։ Կողմնակիցները շեշտում էին, թե Թավրիզը, որտեղ կենտրոնացված է Իրանի էներգակիրների ու նավթաքիմիական արդյունաբերությունը, շրջադարձային դեր կստանա 2300 կմ երկարությամբ Մետաքսի նոր ճանապարհում, որը Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները միացնում է Իրանին, որտեղից էլ՝ Թուրքիա, Եվրոպա և Ռուսաստան: Էներգակիրների արդյունահանումն անշեղորեն կզարգանա, Իրանը կդառնա Չինաստանին նավթի գլխավոր մատակարարը և այլն: Հակառակորդները չէին վստահում չինական տեխնոլոգիաներին, պահանջում էին թափանցիկություն՝ վկայակոչելով Սահմանադրության 77-րդ դրույթը, ինչին ի պատասխան կողմնակիցներն ընդգծում էին, որ այն ընդամենը ճանապարհային քարտեզ է, պայմանագիր չէ, որպեսզի բովանդակությունը հրապարակվի ու ներկայացվի խորհրդարանի հաստատման:

2022թ․, երբ ակնհայտորեն մեծացել էր ԱՄՆ-ի վերադարձի հավանականությունն Իրան-5+1-ի համաձայնությանը, հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը Պեկինում ազդարարեց հիշյալ համաձայնագրի իրականացման մեկնարկը, որի համաձայն՝ 25 տարվա ընթացքում Չինաստանը ներդրումներ էր կատարելու Իրանի ենթակառուցվածքներում՝ Բացի այդ համագործակցելու էին նաև ապահովագրության և բանկային ոլորտներում։ Այս հանգամանքն առիթ դարձավ, որ համաձայնագիրը կրկին մտնի իրանյան և միջազգային ԶԼՄ-ների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների օրակարգ:

Թեև 2022թհունվար-փետրվարին խոսվում էր JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունների լուրջ հաջողությունների մասին, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի և այլ գործոնների ազդեցությամբ մարտին արդեն դրանք փակուղի մտան։ Իսկ ավելի ուշ՝ աշնանը, Վաշինգտոնը դրանք գնահատեց «մահացած»: Այս փաստը ոչ միայն պատճառ դարձավ, որ Չինաստանը համաձայնության իրականացման շուրջ գրեթե կորցնի հետաքրքրությունը, այլև Պեկինը Միջին Արևելքում դիրքերն ամրապնդելու համար աստիճանաբար շուռ եկավ դեպի Պարսից Ծոցի երկրներ, խոշոր ներդրումներ է կատարում, օրինակ Կատարում գազի ոլորտում ներդրում է կատարել 60 միլիարդ դոլարի չափով։ 2022թդեկտեմբերին Սի Ծինփինն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ  կողմերը տնտեսական ոլորտում 50 միլիարդ դոլար արժողությամբ մի քանի տասնյակ համաձայնություններ են ստորագրել։ Դեկտեմբերի 9-ին Էր Ռիյադում  մասնակցել է Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ արաբական երկրների առաջնորդների նիստին, որի ավարտին հրապարակվել է համատեղ հայտարարություն, ինչն ավելի բուռն վրդովմունքի ալիք է բարձրացրել Իրանում։ Այստեղ Չինաստանը  հավանություն է տալիս ԱՄԷ-ի նախաձեռնությանը Պարսից Ծոցի երեք կղզիների առնչությամբ Իրան-ԱՄԷ տարաձայնությունները խաղաղասիրությամբ կարգավորելուն։ Մինչ այդ հրապարակվել էր Չինաստան-Սաուդյան Արաբիա համատեղ հայտարարությունը, որտեղ Իրանից պահանջվում է հավաստիացնել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղասիրական նպատակ են հետապնդում, ինչպեսև չմիջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին։

 Չինաստանի նման քայլերը զայրութի ալիք էին բարձրացրել թե՛ քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանակում, թե՛ ԶԼՄ-ներում։ Վերլուծաբանները հիշյալ հայտարարությունները գնահատել են լուրջ փոփոխություն Պեկինի դիրքորոշման մեջ՝ դեպի Պարսից Ծոցի արաբական երկրներ հակվածություն և Չինաստանի համար վերջիններիս դերի բարձրացում։

Բարենորոգչական կողմնորոշմամբ «Շարղ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի համարի «Չինաստանի մյուս կողմը» վերնագրով վերլուծականում խիստ քննադատել էր Չինաստանին, միաժամանակ նաև պահպանողականներին, շեշտել, որ վերջին տարիներին նրանք համառորեն պնդում էին՝ «Չինաստան անունով դաշնակիցը», բայց չէին պատկերացնում, որ Պեկինը նման անհավատարմություն կդրսևորի։ Ավելին, երկրի մակարդակով բոլոր օրաթերթերը, շատ քիչ բացառություններով, դեկտեմբերի 10-ին միահամուռ ու խստորեն քննադատել էին Չինաստանին ու Սաուդյան Արաբիային, բացի այդ մեղադրել էին նաև ԱԳ նախարարությանը մեղմ դիրքորոշման համար:

Ինչպես նշվել է, անգամ 25-ամյա համաձայնությունն օրակարգ բերելու, ստորագրելու և կյանքի կոչելու համար Պեկինն ընտրել է համագործակցության նպաստավոր շրջան, այն է՝ ԱՄՆ-ի JCPOA-ին վերադառնալու ու սահմանափակումների վերացման մեծ հավանականության շրջանը։ Բացի այդ սահմանափակումները չեն արգելում երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումը։ Հետևաբար Պեկինը, թերևս, ձգտում է չկորցնել Իրանին՝ որպես ռազմավարական դաշնակցի Մետաքսի նոր ճանապարհների նախագծում։ Իսկ երբ հնարավորություն ստեղծվի, նա կակտիվացնի 25-ամյա համաձայնագիրը, մանավանդ դրանում ավելի շատ Չինաստանի շահերն են արտահայտված։Ըստ ամենայնի, Չինաստանի կողմից Իրանի նախագահին հրավիրելը և ճոխ ու ջերմ ընդունելություն կազմակերպելը գլխավորապես նման նպատակ են հետապնդել։

Այլ խոսքով՝ միջազգայնագետ Հադիզադեհն իրավացի է, երբ նշում է, թե իրականում Ռայիսիի ինչ-որ տեղ համարվում է Թեհրանին սիրաշահել։ Բայց և այնպես պետք է նկատի ունենալ, որ սահմանափակումների վերացմամբ Իրանը ևս համագործակցության ավելի լայն հնարավորություններ է ստանալու, հետևաբար բացառված չէ, որ առնվազն համաձայնության իրականացման հարցում առաջարկի նոր փոփոխություններ կլինեն։ 

Այլ կերպ ասած՝ այսօր Պեկին-Թեհրան փոխհարաբերությունների զարգացման դեմ արգելքները շարունակվում են, դրանք գլխավորապես ԱՄՆ սահմանափակումներն են Իրանի միջուկային ծրագրերի դեմ։ Ուստի հնարավոր է, որ Ռայիսիի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն արխիվացվեն։ Պատահական չէ, որ Ռայիսի-Սի Ծինփին հանդիպմանը վերջինս կարևորել է JCPOA-ի հնարավորինս արագ կյանքի կոչումը ։ Սա նշանակում է նաև, որ ներկայումս Պեկինի ուշադրության կենտրոնում Միջին Արևելքի այլ երկրներն են։

25-ամյա համաձայնագիրը, որի կյանքի կոչումն Իրանի նախագահի այցի բուն նպատակն էր, դեռևս մնալու է թղթի վրա՝հաշվի առնելով դրա ռազմավարական բնույթը: Սա վկայում է, որ դրա իրագործումը կողմերի համար պարտադիր չէ։ Ավելին, Չինաստանում Իրանի նախկին դեսպան Հոսեյն Մալայեքը, «Շարղ» գործակալությանը տված հարցազրույցում համաձայնությունը համարելով «մահամերձ», շեշտել է, որ դրա առանցքը նավթն է, քանի որ պայմանավորվածության համաձայն՝ իրականացվող նախագծերի երաշխիքը, ինչի դիմաց Չինաստանն Իրանում ներդրումներ պետք է կատարեր, նավթն էր։ Սակայն նավթի համար կիրառվող սահմանափակումներն արտահանումը խնդրահարույց դարձրեցին, մյուս կողմից էլ վերջին զարգացումների պատճառով Ռուսաստանն այստեղ դարձել է առաջատար։ Նա հավելում է, որ իրականում Չինաստանը ներդրում չի կատարում, պարզապես երաշխավորված առքն (Usance finance) անվանվում է ներդրում ։ Կարճ ասած՝ Ռայիսիի այցը հաջողված է՝ լարվածության թուլացմամբ, խոստումներով, բայց ոչ 25-ամյա համապարփակ ռազմավարական համաձայնությունը կյանքի կոչելու առումով, ինչն այցի բուն նպատակն էր։