Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են համահայկական ամառային 8 –րդ խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր

Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են  համահայկական ամառային 8 –րդ խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպել է նախարար, համահայկական ամառային 8 –րդ խաղերի կառավարական կազմկոմիտեի անդամ  Գնել Սանոսյանի հետ։  Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև  ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և մարզպետները։ Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի  լրատվական ծառայությունը։ 

Կոմիտեի նախագահը ներկայացել է  տարածքային կառավարման մարմինների հետ հիմնական անելիքները՝  խաղերի նախապատրաստման և անցկացման համար։  Մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Տեղական կառավարման մարմինները պետք է ապահովեն շքերթին մասնակցող իրենց քաղաքային  թիմերի համապատասխան հանդերձանքը տեղափոխման, գիշերակացի և սնունդի հետ կապված  խնդիրները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզադահլիճների գույքագրման գործընթացին․ առաջարկվել է ուսումնասիրել դահլիճների շենքային և գույքային պայմանները՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել և տեղեկություն տրամադրել  արտաքին գովազդային վահանակների տեղադրման վայրերի վերաբերյալ և ապահովել դրանց տեղադրումը։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8 –րդ խաղերը տեղի կունենան Գյումրիում  օգոստոսի 5-19-ը ։