«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի
«Տաշիր» ընկերությունների խումբն առաջիկա երկու տարում Հայաստանում կկառուցի և շահագործման կհանձնի երկու նոր ՋԷԿ, հայտնել է խմբի մամուլի ծառայությունը: Երկու նախագծերի իրականացման համար նախատեսվում է ծախսել 120 մլն դոլար և 30 մլն եվրո:
««Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման քաղաքականությունը, առաջիկա երկու տարում կկառուցվեն և շահագործման կհանձնվեն երկու նոր ջերմաէլեկտրակայաններ (ՋԷԿ)՝ Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հստակեցրել են, որ Նոյեմբերյանում «Տաշիր»-ը կկառուցի 126 ՄՎտ հզորությամբ նոր ՋԷԿ, նախագիծն ուղղված կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև Վրաստան արտահանմանը: Ընկերությունը տեղեկացնում է, որ ՋԷԿ-ը կկառուցվի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև տեղական արտադրության և մասնագետների ներգրավմամբ, ինչը թույլ կտա աշխատանքով ապահովել 150 մարդու:
«Ընկերությունը պարտավորվում է օգտագործել միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ, ինչը ներդրում կլինի շրջակա միջավայրի պահպանության գործում: Ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքում նախատեսվում է նաև առավելագույնս օգտագործել տեղական շինանյութերն ու աշխատանքային ռեսուրսները: Նախագծի համաձայն՝ շուրջ 150 մարդ կմասնակցի ջերմաէլեկտրակայանի կառուցմանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ նոր ՋԷԿ-ում էլեկտրական էներգիայի տարեկան թողարկումը կկազմի շուրջ 1 մլրդ կվտ/ժ, ինչը թույլ կտա բարձրացնել Հայաստանում էներգամատակարարման հուսալիությունը, արտահանման մակարդակը և էլեկտրաէներգիայի շուկայում մրցունակությունը:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն Հայաստանում «Լալվար» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչպես նաև Վրաստանի տարածքում մոտ 30 կմ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը: Բոլոր ներդրումներն իրականացվելու են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ էլեկտրաէներգիայի տրանսմիսիայի դիմաց վճարումից հետագա նվազեցմամբ: Առաջիկայում նախատեսվում է համապատասխան հուշագրերի ստորագրում բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ընկերությունը նախատեսում է նաև Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում կառուցել ևս մեկ 50 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ: Կայանը նախատեսվում է կառուցել մինչև 2024 թվականի վերջը. ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 30 մլն եվրո: Առաջին փուլում կտեղադրվեն վերջին սերնդի 4 գեներատորներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ 12,5 ՄՎտ հզորությամբ: Երկրորդ փուլում նախատեսվում է երկու անգամ ավելացնել կայանի հզորությունը՝ մինչև 100 ՄՎտ:
Ընկերությունից հայտնել են, որ կայանում կօգտագործվեն MAN Energy Solutions ընկերության սարքավորումները։ «Նոր գեներատորների տեղադրումը կնվազեցնի մթնոլորտային արտանետումները և նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա»,- ասվում է «Տաշիրի» հաղորդագրության մեջ: Նախագծի շրջանակներում կստեղծվի 25 նոր աշխատատեղ։ Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կկազմի 400 մլն կվտ/ժ: