Շիրակի մարզպետը հանդիպել է մարզում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին

Շիրակի մարզպետը հանդիպել է  մարզում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մարզում առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին։
Կարևորելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու աշխատանքների արդյունավետությունը՝ մարզպետը նշել է․ « Անհրաժեշտ է, որ առաջնային օղակի աշխատանքը լիարժեք լինի, քանի որ բնակիչն առաջինը ձեր դուռն է թակում պետք է զգա հոգատարություն և պատասխանատու վերաբերմունք։ Առաջինը դուք եք շփվում բնակչության հետ և նրանց առողջական խնդիրների բացահայտման ու շատ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներում անելիքներ դեռ կան։ Սա նշանակում է՝ մենք պետք է տքնաջան աշխատենք ու հոգատար վերաբերմունք ցուցաբերենք քաղաքացիների նկատմամբ։ Բնակիչներից դժգոհություններ են ստացվել բժիշկների՝ աշխատանքային ժամերին բուժհաստատություններում չգտնվելուն, ոչ պատշաճ սպասարկմանը, բժշկական ծառայությունների հասանելիությանն առնչվող հարցերի հետ կապված։ Հորդորում եմ բոլորիդ այս հարցում լինել առավել զգոն և աչալուրջ, հետևել կարգապահությանն ու զերծ մնալ արատավոր երևույթներից։ Օրենքից դուրս արված յուաքանչյուր քայլ կունենա հստակ արձագանք»։
Մարզպետը նշել է, որ կլինեն շրջայցեր և ընդգծել, որ պատասխանատվությունն առողջապահության բնագավառում առաջնային կարևորություն ունի՝ անդրադառնալով բժիշկների կողմից հիվանդների ամբուլատոր քարտերի ճշգրիտ լրացմանն ու թերացումների, սխալ տվյալների լրացման բացառմանը։
Տնօրենների հետ քննարկվել է նաև աշխատանքներում իրականացվող նորարարություններին առնչվող հարցեր, մասնավորապես, առաջնային օղակի հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, այդ թվում պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալուն առնչվող հարցերի։
Կարևորելով քաղաքացիների առողջապահական ծառայությունների մատչելիությունը՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ տարեց բուժաշխատողները ևս պետք է փորձեն տիրապետել նորարարություններին։
Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին հանրապետությունում արձանագրված կարմրուկի դեպքերին։ Մարզպետը հորդորել է պատասխանաուներին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիվանդության տարածումը կանխելու, պատվաստումային ընդգրկվածությունն ապահովելու համար։