Ապահովագրական համակարգի ազատականացումը շահառու կողմերը միանշանակ չեն ընդունում

Ապահովագրական համակարգի ազատականացումը շահառու կողմերը միանշանակ չեն ընդունում

2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգը Հայաստանում ամբողջությամբ ազատականացվելու է։ Ըստ փոփոխությունների, վարորդներն իրենք են ընտրելու՝ ո՞ր ապահովագրական ընկերության հետ աշխատել։ Ըստ նախնական կանխատեսումների, որոշ վարորդների համար ապահովագրական վճարն ավելանալու է, որոշ վարորդների համար՝ նվազելու։ Ապահովագրական բյուրոն իր մոտեցումներն ունի, վարորդներն՝ իրենցը, երկուստեք մոտեցումներն՝ ստորև

Ապահովագրական բյուրոյի գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը նշեց, որ դեռևս անցած տարվանից էր փոփոխություններ կատարվել սակագնային մեթոդաբանության մեջ և տեղեկացվել  էր, որ դրանք տևելու են շուրջ մեկ տարի և անցումային են։  Այս տարվա ապրիլից նախատեսվում է համակարգի ազատականացում։

Նա հիշեցրեց, որ նախկինում ապահովագրական բոլոր ընկերությունների մոտ գնառաջարկը նույնն էր, նույն էր նաև հաշվարկման մեթոդաբանությունը, իսկ ահա ազատականացումից հետո յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ունենալու է իր հաշվարկման մեթոդաբանությունը, մոդելը, որի մեջ ներառվելու են սեփական մոտեցումները՝ ռիսկայնության գործոնների նկատմամբ։

Ազատականացման հիմնական սկզբունքը, շարադրեց Ա․ Նազարյանը, մեկ ընկերության մոտ կարող է ապահովագրավճարը մեկ գին արժենալ, մեկ այլ ընկերության մոտ՝ մեկ այլ գին։ Կախված՝ թե այդ ընկերությունը, որ ռիսկայնության գործոնի վրա է շեշտադրումը դրել՝ մի ընկերության մոտ  մեքենայի ապահովագրավճարը կարող է բարձրանալ, մյուսի մոտ՝ իջնել։ Նաև մանրամասնեց, որ յուրաքանչյուր ընկերություն ինքն է թիրախային շրջանակը վերցելու, և հաշվի առնելով վիճակագրական տվյալները` ընկերությունը որոշելու է, թե  ո՞ր գործոններն են կարևորվելու։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ազատականացումից հետո ապահովագրավճարների բարձրացում կարող է տեղի ունենալ, նշեց, որ հիմնականում բարձրացումը կարող է լինել բոնուսյին (մալուսային) դաշտում, սակայն դա էլ քարացած չէ, ընկերություններ կան, որ տարբեր չափանիշներից ելնելով անգամ նրանց համար բազմազան առաջարկներ կգործեն։

«Վարորդների 60 տոկոսի համար տեղի է  ունենալու ապահովագրավճարների ցածրացում, եթե ապահովագիրն ընտրի իրեն ամենացածր ապահովագրավճար առաջարկող ընկերությունը։ Վարորդների մոտ 20 տոկոսի համար  գրեթե նույնը կմնա, իսկ 20 տոկոսի համար բարձրացում կլինի։ Ընդհանուր շուկայի տեսանկյունից բարձրացում տեղի չի ունենալու ամբողջ շուկան ավելի քիչ է  հավաքագրելու, քան մինչ այժմ հավաքագրում էին»,- ասաց նա։

Դաշտում 6  ապահովագրող ընկերություն է  աշխատում մեր երկրի համար քի՞չ է, թե՞ շատ հարցին, պատասխանեց, որ մրցակցային դաշտ ապահովելու համար 6 ընկերությունը նորմալ քանակ է։  Մրցակցության տեսակետից վստահեցրեց, որ  այն ապահովված է ապահովագրության մոդելները նախապես համաձայնեցում են բյուրոյի հետ, որպեսզի մրցակցությունը ապահովված լինի և  չոտնահարվեն սպառողների և շուկայի շահերը։

«Ազատականացումը շուկայի համար մրցակցային դաշտ ստեղծելն էր, մենք շուկայական տնտեսությունում ենք ապրում, որտեղ կարևոր սկզբունքը տնտեսական մրցակցությունն է, որը բերում է որակի բարձրացման և ծախսատարության նվազեցման»,- ասաց նա և հավելեց, որ ընկերությունները  մրցակցության պայմաններում պետք է կառավարեն իրենց ծախսերը և կարողանան մրցակցային լինեն՝  ցածր գին առաջարկեն և նաև չկորցնեն շուկան։ Արտյոմ Նազարյանի խոսքով, եթե նախկինում բոլոր ընկերություններում  գինը նույնն էր, հիմա կարող են իրենց շեշտադրումը դնել ցածր ապահովագրավճարների վրա, իրենց ծախսերի վրա աշխատել, սակայն հնարավորինս որակի վրա ազդեցություն չթողնելով։

Իսկ փաստաբան, երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը նշեց, որ ազատականացման գնալու կարիք չկար։ «Այս ազատականացումը, ապահովագրական ընկերությունների շահերից է բխում, այդ իսկ պատճառով էլ, իրենց տեսակետից  ազատականացման կարիք կար ապահովագրական ընկերությունների դրամական հոսքերն ավելանում  են»,- պնդեց փաստաբանը։

Նաև հավելեց, որ պարտադիր ապահովագրության պայմաններում ցանկացած մեքենա պետք է ապահովագրի և ընկերությունը չի կարող չսպասարկել և այս դեպքում ապահովագրական ընկերությունների ախորժակը բացվում է ըստ ճաշակի, նախընտրած հաճախորդներին գրավիչ առաջարկ կարող են անել, իսկ մյուսներին այնպիսի առաջարկ, որն անընդունելի կլինի։

Նաև հաղորդեց, որ ապահովագրության վերին շեմի վերաբերյալ  հարցում են անցկացրել վարորդների շրջանում և  90 տոկոսից ավելին գտնում է, որ այն լավ է, սակայն կա ապահովագրական շեմը սխալ ներկայացնելու խնդիր  և պարզաբանեց, որ պայմանական վերին շեմ են սահմանել, բայց դրա վրա կարող են գումարվել 10-15 գործակիցներ, և  արդյունքում գումարը կարող է ավելանալ մի քանի անգամ։

Արտակ Խաչատուրովն անդրադարձավ նաև վարորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու դրույթին և նշեց, որ ըստ հարցումների, վարորդների պատկերացմամբ՝  լավ վարորդական պատմության դիմաց՝ այլ գին է սահմանվում։  Սակայն այստեղ ևս խնդիր կա վարորդներին տեսակավորում են, ոչ թե անհատականացնում, դրանք տարբեր հասկացություններ են։ Նա ևս կարծում է, որ որոշ դեպքերում ապահովագրավճարը կնվազի, որոշ դեպքերում՝ ոչ, սակայն վստահ է, որ ազատականացումը միայն ապահովագրական ընկերությունների շահերն է առաջ մղում, ոչ թե վարորդների։

Փաստեց, որ նախկինում ապահովագրական պորտֆելը կազմել է տարեկան 45 մլն դոլար, 2022 թվականին՝ 55 մլն դոլար, իսկ ապրիլի մեկից հարց է առաջանում, թե ինչքան է կազմելու պորտֆելը և կանխատեսում է 60-65 մլն դոլար։

Իսկ ինչ է սպասվում, եթե օրինակ 20 տոկոսով թանկանա ապահովագրավճարը, փաստաբանը մեկնաբանեց, որ այդ դեպքում 10 տոկոսով կավելացնեն հատուցումները, իսկ 10 տոկոսը կմնա ընկերությանը և ընդգծեց, «որ կողմից էլ նայես՝ ազատականացումն ուղղված է ապահովագրական ընկերություններին գերշահույթ ապահովելուն՝ ուրիշ ոչինչ»։