Մեկնարկում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։   Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները ժամանակին եւ անխափան կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  հանդիպել է  ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին։

Մարզպետը շեշտել է, որ մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված նախագծի, ճանապարհով անցնող այլ ենթակառուցվածքների նորոգման կամ տեղափոխման հետ կապված խնդիրները եւ ներկայացնել մեր քննարկմանը, որպեսզի կարողանանք դրանք ժամանակին կարգավորել համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։

Ճանապարհի նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալբետոնյա հին շերտի հանույթը առաջարկվելու է համայնքներին՝ առաջնահերթությունը տալով դեպի դպրոց, մանկապարտեզ եւ բուժհաստատություններ տանող ճանապարհների հարթեցմանը կամ նորոգմանը։

Կարեւորվել է շինարարական աղբի տեղափոխման խնդիրը․  աշխատանքների ընթացքում առաջացած շինաղբը պետք է տեղափոխել միայն նախագծով նախատեսված վայրեր՝ բացառելով ճանապարհաեզրերին դրանց կուտակումները։

Կ․ Սարգսյանին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ շինարարների կողմից ներկայացվել են  մի շարք դիտարկումներ՝ կապված Ծավազարդի հատվածում բավարար տեսանելիության ապահովման նպատակով ճանապարհի շերտի իջեցման, ջրահեռացման համակարգի կառուցմանը խոչընդոտող որոշ քայլերի կարգավորման եւ այլ հարցերի հետ։

Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սեւան-Լճափ ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։