Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Կաձուո Ուեդայի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Կաձուո Ուեդայի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել տնտեսագետ Կաձուո Ուեդայի Ճապոնիայի Բանկը (Կենտրոնական բանկ) գլխավորելու կառավարական թեկնածությանը: Վերին պալատում հաստատվելու դեպքում ապրիլի 9-ին նա կփոխարինի Հարուհիկո Կուրոդային: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա թեկնածության քննարկումը խորհրդարանի վերին պալատում նախատեսված է ուրբաթ։ Սպասվում է, որ նա այնտեղ կստանա իր վերջնական հավանությունը:

Համաշխարհային ֆինանսական շուկաների ուշադրությունը բևեռված է Ճապոնիայի Կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարի վրա, քանի որ նրա առջև ծառացած է վերջին 10 տարիների ընթացքում դրամավարկային լայնածավալ մեղմացման բացասական հետևանքների հաղթահարման խնդիրը:

Որոշ դիտորդներ կարծում էին, որ Կենտրոնական բանկը կարող է աստիճանաբար փոխել ընթացիկ տոկոսադրույքը, սակայն Ուեդան արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել ընթացիկ դրամավարկային քաղաքականությունը, քանի որ Ճապոնիայի Բանկի հիմնական նպատակը հասնել  2% կայուն գնաճին, դեռ չի իրականացել։ Վերջին ամիսներին թանկացումները զգալիորեն գերազանցել են այս ցուցանիշը, սակայն, ըստ կարգավորողի, այս ցուցանիշն անկայուն է և գնալով կնվազի։