Բայդենը հրապարակել է 2024թ. 6,8 տրլն դոլարի չափով բյուջեի պլանը

Բայդենը հրապարակել է 2024թ. 6,8 տրլն դոլարի չափով բյուջեի պլանը

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հրապարակել է 2024թ. պետական ծախսերի պլանը 6,8 տրլն դոլարի չափով։ Պլանով տասնյակ նոր քաղաքական նախաձեռնությունների եւ կորպորացիաների ու հարուստ մարդկանց համար հարկերը բարձրացնելու կոչ է արվում։ Սակայն հանրապետականներն անմիջապես հայտարարել են, որ այդ պլանը Կոնգրեսի հավանությանն արժանանալու շանս չունի, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Բայդենը կոչ է արել ավելացնել ֆինանսավորումը Չինաստանի տնտեսական եւ ռազմական ազդեցությանը դիմակայելու համար, ավելացնել առողջապահության ծախսերը երիտասարդ եւ տարեց ամերիկացիների, նոր կրթական նախագծերի եւ շրջակա միջավայրի պահպանության դաշնային գործակալության հաստիքն ընդլայնելու համար։

«Չինաստանը Միացյալ Նահանգների միակ մրցակիցն է, որը մտադիր է փոխել միջազգային կարգը եւ դրա համար էլ ավելի շատ տնտեսական, դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական հզորություն ունի»,- նշվել է Սպիտակ տան բյուջեի կարճ բովանդակության մեջ։

Բյուջեի պլանի հրապարակումը կայացել է այն պահին, երբ ԱՄՆ-ը բախվել է հասունացող բանակռիվների այն մասին, թե ինչպես բարձրացնի երկրի 31,4 տրլն դոլար պարտքի շեմը. ներկա պահին դա այն դրամական միջոցների սահմանն է, որոնք կառավարությունը կարող է վերցնել իր հաշիվները վճարելու համար։

Եթե Բայդենը եւ Կոնգրեսը չկարողանան առաջիկա ամիսներին պայմանավորվել պարտքի շեմը բարձրացնելու մասին, ԱՄՆ-ը կարող է առաջին անգամ իր ֆինանսական պարտավորությունների դեֆոլտ հայտարարել, ինչը կհանգեցնի ֆինանսական աղետի, որը կարող է ազդել համաշխարհային շուկաների վրա եւ բարձրացնել գործազրկությունը երկրի ներսում։

Բայդենի հակառակորդները հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում կոչ են արել զգալիորեն կրճատել, ոչ թե ավելացնել ֆինանսավորումը, որպեսզի զսպվի բյուջեի քրոնիկական դեֆիցիտը, որը ներկայում կազմում է տարեկան ավելի քան 1 տրլն դոլար։

Ըստ հանրապետականների՝ պետական ծախսերը դուրս են եկել վերահսկողությունից, եւ առանձին ծրագրեր պետք է խիստ կրճատվեն կամ վերացվեն։

Բայդենն, ընդհակառակը, կոչ է անում ավելացնել տարեկան ավելի քան 400 000 դոլար վաստակող ամերիկացիների եւ կորպորացիաների հարկերը, որպեսզի ֆինանսավորվեն արդեն գոյություն ունեցող եւ նոր ծրագրերը։ Հանրապետականները դեռ պետք է ճշտեն, թե ինչ ծրագրեր են առաջարկում կրճատել կամ փակել։ Ընդդիմադիր կուսակցության պլանը պետք է ներկայացվի հաջորդ ամիս։

Աղբյուր՝ news.am