ԵՄ ԹՈւՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը հրապարակվել է

ԵՄ ԹՈւՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը հրապարակվել է
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա: Համալիրը միավորում է գիտությունն ու արդյունաբերությունը` կամրջելով Հայաստանը աշխարհին։ Այս մասին հայտնում են Թումո կենտրոնից:
Կրթական և հետազոտական ծրագրեր
Թումո լաբերը կրթական անվճար հարթակ է, որտեղ ուսանողները և երիտասարդ մասնագետները, համագործակցելով տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ, աշխատում են գիտահետազոտական նախագծերի վրա: Նախքան գիտահետազոտական, աշխատաշուկայի իրական փորձառություն տրամադրող նախագծերում ընդգրկվելը՝ մասնակիցները լրացնում են իրենց գիտելիքների բացերը օգտվելով Թումո լաբերի՝ անհատականացված և շարունակաբար կատարելագործվող ուսումնական ծրագրից: Լաբերին կից գործող բազմամյա ծրագրավորման դպրոցը՝ 42 Երևանը, լրացնում է այս ուսումնական էկոհամակարգը և պատրաստում ծրագրային ինժեներների անհրաժեշտ բանակ։
Կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ
Կենտրոնում կգործեն նաև կոնֆերանս դահլիճներ, միջոցառումների հարթակներ, coworking և ուսումնական տարածքներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների բազմազան կարիքները հոգալու համար: Այս տարածքներում կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ, համաժողովներ և համագումարներ: Ուսումնական, ընդհանուր գործածման և coworking տարածքները կլրացնեն կենտրոնի ակադեմիական և արդյունաբերական գործունեությունը։ Ընդհանուր լաբորատորիան հնարավորություն կտա ակադեմիական հաստատություններին և ձեռնարկություններին միավորվել և կիսվել իրենց գիտական և ինժեներական փորձով ու սարքավորումներով:
Աշխատանքային և առևտրային տարածքներ
Համալիրն առաջարկում է գրասենյակային և կոմերցիոն ընդարձակ տարածքներ: Նախագծված լինելով որպես մոդուլային համակարգ, որն ունակ է տեղավորել ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ընկերություններ՝ համալիրի գրասենյակները ապահովում են ճկունություն և աճի հնարավորություններ, որ անհրաժեշտ են տեխնոլոգիական ընկերություններին: Կենտրոնի առաջին հարկում կգործեն սրճարաններ, ռեստորաններ, մարզասրահներ, խանութներ և կոմերցիոն այլ տարածքներ, որոնց շուրջ կհավաքվի հզոր համայնք՝ բացկացած կենտրոնի ակադեմիական անդամներից, ընկերությունների աշխատակիցներից և տարատեսակ միջոցառումների այցելուներից։
Կառուցելով էկոհամակարգ
Նախագծված հոլանդական աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերության կողմից՝ ԵՄ Թումո համալիրի շենքը նորարարական հորիզոնական երկնաքեր է։ Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն ունի 6 հարկ և 190 մետր երկարություն. այն բաղկացած է 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահով՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ: Այս առաջադեմ շինությունն ավելի մեծ գլխավոր հատակագծի մի մասն է, որը ներառելու է Թումոյի շենքը, տեխնոլոգիական և կրթական մի շարք կառույցներ, ինչպես նաև մետրոյի ապագա կայարանը՝ Հալաբյան փողոցում։