Երևանի քաղաքապետարանը չի կարողանում Google-ի և Yandex-ի քարտեզներում հաստատել նոր անվանակոչված փողոցների անունները

Երևանի քաղաքապետարանը չի կարողանում Google-ի և Yandex-ի քարտեզներում հաստատել նոր անվանակոչված փողոցների անունները

Նոր անվանակոչված փողոցների, դպրոցների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ հաստատությունների ճիշտ անվանումները առցանց քարտեզների վրա ապահովելու համար Երևանի քաղաքապետը հանձնարարական էր տվել «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությանը ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել։

Քարտեզներ ասելով՝ նկատի է ունենում ինտերնետ միջավայրում գործող մասնավոր ընկերություններին պատկանող քարտեզային պլատֆորմները՝ ինչպիսիք են Google maps-ը, Yandex maps-ը։

«Նախկինում նման փորձառություն ունեցել ենք։ Փորձը ցույց է տալիս, որ նման պլատֆորմներում քարտեզային կոնտենտը ստեղծվում, ձևափոխվում է բարձր ռեյտինգով օգտատերերի կողմից, այնուհետև հաստատվում մոդերատորների կողմից։ Այս պլատֆորմներում, իհարկե, մենք բացել ենք նման օգտատերեր, բայց որպեսզի այդ փոփոխությունները քարտեզի վրա երևան, բավական երկար ժամանակ է պետք»,- հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Արձագանքելով՝ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ հանձնարարականը տրվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին և հարց բարձրացրեց՝ ինչ են առաջարկում հարցը լուծելու համար, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։    

 «Նման հարթակներում փոխվերահսկելիության մեխանիզմ կա, և մեկ օգտատերերի կողմից որևէ բան փոխել կամ ստեղծելը բավարար չէ, դա արվում է բազմաթիվ օգտատերերի կողմից նույն բանը փոխելուց հետո, ապա մոդերատորը այն հաստատում է, ռեյտինգը բարձրանում է, երբ օգտատերը շատ ակտիվ է»,- ասաց Մանուկյանը։

Ի պատասխան՝ քաղաքապետը նշեց․ «Ես վստահ եմ, որ այնտեղ հնարավորություն կլինի՝ եթե պետական մարմնի կողմից ինչ-որ բան կա բացված, ապա այդ աղբյուրը ավելի վստահելի է, քան պարզապես սովորական անուն- ազգանունով բացված ինչ-որ մեկը, որը փորձում է ինչ-որ բան փոխել։ Այդ տրամաբանության շրջանակում դուք ճիշտ եք ասում, բայց եթե նույն պլատֆորմի կառավարիչներին որպես քաղաքապետարան, որպես կադաստր հանդես գանք, դա ճշգրիտ տեղեկատվություն է ստացվում։ Ես կարծում եմ՝ ուղղությունը կա եւ պետք է հասկանալ, թե ոնց են դա անում»։

Աղբյուր՝ tert.am