HSBC-ն խորհրդանշական 1 ֆունտ ստեռլինգով կգնի սնանկացած SVB-ի բրիտանական ստորաբաժանումը

HSBC-ն խորհրդանշական 1 ֆունտ ստեռլինգով կգնի սնանկացած SVB-ի բրիտանական ստորաբաժանումը

Բրիտանական HSBC բանկը հայտարարել է սնանկացած ամերիկյան Silicon Valley Bank (SVB) բանկի բրիտանական ստորաբաժանումը խորհրդանշական 1 ֆունտ ստեռլինգով գնելու որոշման մասին, գրում է cnbc.com-ը։

«Գործարքն էական ռազմավարական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայում մեր բիզնեսի համար: SVB UK-ի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկից, ինչպես միշտ, վստահ լինելով, որ իրենց ավանդները պաշտպանված են HSBC-ի ուժով, ճկունությամբ և անվտանգությամբ», - ասել է HSBC-ի գործադիր տնօրեն Նոել Քուինը: 

Տեղեկությունը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը՝ գրառում կատարելով Twitter-ում:

«Այս առավոտ կառավարությունը և Անգլիայի բանկը նպաստել են Silicon Valley Bank UK-ի մասնավոր վաճառքին HSBC-ին: Ավանդները կպաշտպանվեն առանց հարկատուների աջակցության անհրաժեշտության»,- գրել է Հանթը:

Forbes.ru-ն հավելում է, որ մարտի 10-ի դրությամբ SVB UK-ն ուներ շուրջ 5,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6,66 միլիարդ դոլար) ընդհանուր փոխառություններ և մոտ 6,7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (8,11 միլիարդ դոլար) ընդհանուր ավանդներ:

Silicon Valley Bank-ն ԱՄՆ-ի 16-րդ ամենամեծ բանկն է և կենտրոնացած է ստարտափների վրա։ Դրա սնանկությունը, որը հայտարարվել էր մարտի 10-ին, ամենախոշորն էր 2008 թվականի ճգնաժամից ի վեր։ Բանկը դարձել է ԱՄՆ պատմության մեջ երկրորդ խոշոր սնանկացածը Washington Mutual Bank-ից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կանդրադառնա երկրում ստեղծված բանկային ճգնաժամին, որի պատճառով ԱՄՆ կարգավորող մարմինները մի շարք արտակարգ միջոցառումներ են առաջարկել: Բանն այն է, որ ԱՄՆ-ում փակվել են խոշորագույն բանկերից Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, ինչը կարող է ավելի մեծ համակարգային ճգնաժամ առաջացնել: 

Սա բանկային համակարգի ամենամեծ տապալումն է 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր: ԱՄՆ նախագահի տնտեսական թիմը շաբաթ և կիրակի օրերին կարգավորող մարմինների հետ աշխատել է մի շարք միջոցառումների շուրջ, այդ թվում՝ երաշխավորելով դեպոզիտներ երկու բանկերում էլ, արտակարգ ֆոնդերի հասանելիություն և արտակարգ իրավիճակում Դաշնային պահուստներից գումար փոխառնելու գործընթացի հեշտացում:

Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ամերիկացիներին վստահեցնելով, որ իրենց բանկային դեպոզիտները հասանելի կլինեն ցանկացած պահի, երբ նրանք դրանց կարիքն ունենան:Պարբերականը նշում է, որ բանկային նոր օրենքներ ընդունելու առումով Բայդենը կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները:

Աղբյուր՝ tert.am