ԱՄՆ-ում բանկերի սնանկացման ֆոնին կրիպտոարժույթների գներն աճել են. Bitcoin-ի գինը $24,200 է, Ethereum-ը՝ $1,680

ԱՄՆ-ում բանկերի սնանկացման ֆոնին կրիպտոարժույթների գներն աճել են. Bitcoin-ի գինը $24,200 է, Ethereum-ը՝ $1,680

Սնանկացած Silicon Valley Bank-ի և Signature Bank-ի ավանդատուներին պաշտպանելու վերաբերյալ ԱՄՆ կառավարության խոստման ֆոնին կրիպտոարժույթների գները բարձրացել են՝ բիթքոյնի գինը բարձրացել է $24,000-ից, Ethereum-ն արժե $1680։ Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան մեկ օրվա ընթացքում աճել է մոտ 14%-ով և մարտի 13-ին գերազանցել է 1 տրլն դոլարը։

Մարտի 9-10-ը կրիպտոարժույթների շուկայում կտրուկ անկում գրանցվեց․ բիթքոյնի գինն ընկավ մինչև 20,000 դոլար, Ethereum-ը՝ մոտ 1430 դոլար։ Դա տեղի ունեցավ ԱՄՆ երեք խոշոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի, Signature Bank-ի և Silvergate Capital-ի փակման և ԱՄՆ ֆինանսական հատվածի արժեթղթերի անկման ֆոնին:

Մարտի 12-ին, սակայն, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց, որ Silicon Valley Bank-ի ավանդատուները, ինչպես ապահովագրված, այնպես էլ չապահովագրված, օգնություն կստանան, որը «լիովին կպաշտպանի» իրենց ավանդները:

Շատ փորձագետներ մտավախություն ունեին, որ ԱՄՆ-ում խոշոր բանկերի սնանկացումը կարող է հանգեցնել, այսպես կոչված, ֆինանսական վարակի, որը ենթադրում է ֆինանսական ցնցումների շղթայական ռեակցիա և վարկային այլ հաստատությունների սնանկացում: Այսօր, ըստ մասնագետների, ֆինանսական վարակի տարածման ռիսկն արդեն իսկ ավելի ցածր է, քան մարտի 10-ին, բայց դեռ զրոյական չէ։

Ըստ Techcrunch-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում բիթքոյնն աճել է 14,8%-ով, և դրա փոխարժեքը գերազանցել է 24,200 դոլարը: Այս ժամանակահատվածում Ethereum-ը թանկացել է 9,25%-ով՝ հասնելով $1680-ի:

Բազմաթիվ այլ կրիպտոարժույթներ նույնպես թանկացել են, այդ թվում՝ USDC ստեյբլքոյնը, որի գինը Silicon Valley Bank-ի (այստեղ պահվում էր 3,3 մլրդ դոլարի կրիպտոարժույթի գրավ) սնանկացումից հետո նվազել է մինչև 0,88 դոլար: Այժմ, ԱՄՆ իշխանությունների խոստումների ֆոնին, USDC-ն գրեթե վերադարձել է $1 գնին։

Նշենք, որ երբ Silvergate Capital-ը՝ կրիպտոոլորտի ընկերություններին ծառայություններ մատուցող խոշոր բանկերից մեկը, հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը և լուծարում իր բանկային բաժինը, դա, ինչպես և սպասվում էր, խնդիրների հանգեցրեց կրիպտոարժույթների շուկայում, ինչպես նաև շատ այլ խոշոր ոլորտներում։

Կարճ ժամանակ անց Silicon Valley Bank-ը մարտի 10-ին սնանկացավ, իսկ կարգավորիչները կիրակի օրը փակեցին Signature Bank-ը: Այնուամենայնիվ, այս բոլոր խնդիրները կարծես թե երկարաժամկետ բացասական ազդեցություն չեն ունեցել կրիպտոարժույթների շուկայի վրա:

Աղբյուր՝ news.am