Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Ազնավուրի հուշարձանը․ Երևանի ավագանին ընդունեց նախագիծը

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Ազնավուրի հուշարձանը․ Երևանի ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Երևանի ավագանու անդամները 49 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագիծը։

Փոխքաղաքապետը նշեց, որ նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի 100–ամյակին ու քննարկվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ։

«Հուսով ենք՝ մենք կկարողանանք ապահովել տեխնիկական բոլոր հնարավորությունները, որ արձանը ձուլվի Հայաստանում»,– ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ սկզբում առաջարկվել է արձանը տեղադրել հենց Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), սակայն արձանի պոտենցիալ չափերն այնպիսին են, որ արձանը այդտեղ տեղադրելը նպատակահարմար չէր լինի։

Ի դեպ, նմանօրինակ արձան տեղադրվելու է նաև Փարիզում։

Իսկ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում կանգնեցված Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզր։

Աղբյուր՝ armeniasputnik.am