Առաջարկվում է բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով
Հայաստանում բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, եւ բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Գործընթացն անցնցում կազմակերպելու նպատակով սահմանվել է անցումային դրույթ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ կարգավորումը մանրամասն քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, հեղինակի կողմից ընդունվել են հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած բովանդակային առաջարկները:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել մասնագիտական շարունակական զարգացման գործընթացին, սարքավորումները հնացած համարելու չափորոշիչներին, վերալիցենզավորման կարիք ունեցող դեղատների վիճակագրությանը, վերալիցենզավորման գործընթացով զբաղվող կազմակերպությանը, նախագծի` ռազմավարական փաստաթղթերի հետ առնչությանը եւ այլն:
Նախարարը տեղեկացրել է, որ վերալիցենզավորման գործընթացը շարունակելու է իրականացնել լիազոր մարմնի Լիցենզավորման գործակալությունը` կարողությունների որոշակի ընդլայնմամբ: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն է բարձրացնել բժշկական օգնության որակը եւ համահունչ լինել մշտապես զարգացող բժշկագիտության նորագույն մոտեցումներին:
Հնչել են մի շարք առաջարկներ, որոշվել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկում կազմակերպել` օրինագիծը լրամշակելու նպատակով:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: