Ուր կարելի է մեկնել հայկական ավիաընկերություններով

2022 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ։ 916 հազար 524 մարդ օգտվել է հայկական ավիաընկերություններից, 718 հազարը՝ ռուսական ավիաընկերություններից, իսկ 1,3 միլիոնը՝ այլ երկրների ավիաընկերություններից։
Դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքներ են իրականացնում 44 ավիաընկերություններ, որոնցից 5-ը հայկական են։ Օդանավ շահագործողի վկայական ունեն 9-ը, որոնցից 5–ը կարող են իրականացնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ։ Ընթացիկ տարում դրանց թիվը կարող է հասնել 11-ի։
Երևանից կանոնավոր և չարտերային թռիչքներ են իրականացվում դեպի Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լեհաստան, Լիբանան, Լիտվա, Կիպրոս, Հունաստան, Ղազախստան, Մոլդովա, Չեխիա, Վրաստան, Կատար, Ֆրանսիա։
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» առաջին պետական ընկերությունը հիմնադրվեց 1991 թվականին և գոյատևեց մինչև 2004 թվականը։ 1996 թվականին հիմնադրվեց Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան», որը 17 տարի անց իրեն սնանկ հայտարարեց։