Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին: 
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 
2021 թվականի վերջին, Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե՛ քաղաքային խնդիրների առումով, թե՛ ներքին և արտաքին քաղաքական պայմաններում, և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև վերականգնել կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը: 
Ուրախ եմ արձանագրել, որ նշածս երկու կետերն էլ դրվել են հաջող ընթացքի վրա, դա են փաստում արված աշխատանքները:
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը վերացված, ես, ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի մաս և շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։
Ինչպես նախկինում էր հայտնի, առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, և ես ինքս խոսել եմ այդ մասին։ Հույս ունեմ, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու մեր համայնքի համար գերկարևոր ծրագրերը։
Շնորհակալություն եմ հայտնում համատեղ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի համար իմ բոլոր  գործընկերներին»,-ասել է նա:
Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։