Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումները

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:
«Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:
Նշվում է, որ հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները: