Գյուղատնտեսական աշխատանքներն Արցախում սկսվել են․ ԱՀ գյուղնախարարը խնդիրների ու աշխատանքների մասին

Գյուղատնտեսական  աշխատանքներն Արցախում սկսվել են․ ԱՀ գյուղնախարարը խնդիրների ու աշխատանքների մասին

Շրջափակումը  բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Արցախի  գյուղատնտեսության համար։ Բայց հակառակ թշնամու  ջանքերի՝ Արցախում գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են։ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի  Հայրիյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝  արդեն մեկ շաբաթ է՝ այգիներում  գարնանային  ոռոգումն  ու  գարնանացան մշակաբույսերի ցանքսը  սկսված է։

 «Փորձելու ենք, անպայման, ոռոգումը կազմակերպել։  Այս տարի Արցախում  նախապատվությունը տվել ենք  բանջարաբոստանային կուլտուրաների  մշակմանը։ Արտադրման  օրակարգից դուրս  է եկել թութունը»,- ասում է Հայրիյանը։ Նրա տեղեկացմամբ,  անցած տարվա համեմատ կարտոֆիլի արտադրության  ծավալները մի քանի անգամ ավելացել են։  «Արցախի կառավարությունը   մի քանի ծրագրեր է իրականացնում, աջակցում է  տեղական բանջարեղենի արտադրությանը՝ փորձելով  խթանել  կարտոֆիլի, գազարի, բազուկի, կաղամբի, սոխի, սխտորի արտադրությունը»,- պատմում է գյուղոլորտի պատասխանատուն։

Սերմացուի տրամադրումը սկսված է, որոշ դեպքերում ՝ անվճար

ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղեկացմամբ,   «Հայաստան»  համահայկական հիմնադրամն  ու  ATP  հիմնադրամը   301 տոննա կարտոֆիլի սերմացու են  տրամադրել։ Դրանք   անվճար  տրամադրվում են  գյուղացիներին՝ տնամերձ հողամասերում ցանելու համար։   Բացի այդ,  Արցախի Հանրապետության «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն» արդեն իսկ 700 տոննա  կարտոֆիլի սերմացու  է ձեռք բերել, ևս  400 տոննա էլ  առաջիկայում  ձեռք կբերի։  Դրանք կտրամադրվեն  գյուղացիական տնտեսություններին՝  1000 քառակուսի  մետր հող  ունեցող տնտեսվարողներից սկսած ՝ տարբեր արտոնյալ պայմաներով։   Նախարար Հայրիյանի պարզաբանմամբ, խոշոր տնտեսությունները  կարող են փոխառություն ձևակերպել   նույն՝ «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության  հիմնադրամում» ու սերմացուի գումարը բերքահավաքից հետո վճարել։ Արցախում նաև  մեծ ուշադրություն է  դարձվում հնդկացորենի, հաճարի․ եգիպտացորենի, ոլոռի, ոսպի, հաճարի  արտադրությանը։

Շրջափակումը՝ խնդիր գյուղատնտեսության համար 

Սերմացուն գյուղացուն հասնում է, բայց վառելիքն է խնդիր։ Ստիպված օգտագործում են այն վառելիքը, որով պետք է բանջարեղեն ու միրգ հասցնեին Արցախի շրջաններ։ Այս փուլում նախապատվությունը տալիս են գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։Բացի այդ, գնալով ավելի ու ավելի է սրվումանասնակերի, պարարտանյութերի պակասը։ «Գյուղատնտեսության զարգացման համար շրջափակումը մեծ խոչընդոտ է։ Փորձում ենք ժամկետները բաց չթողնել, սահմանվածգարնանացանի աշխատանքները կազմակերպենք, հետո արդեն կանցնենք մյուս խնդիրների լուծմանը»,- եզրափակում է ԱՀ գյուղատնտեսության նախարարն ու վստահեցնում՝ փորձում են անել հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ պարենային անվտանգության հարցերը լուծելու համար։