Անորոշություններն ու ռիսկերը՝ տնտեսական համեստ աճի կանխատեսման պատճառ

Անորոշություններն ու ռիսկերը՝ տնտեսական համեստ աճի կանխատեսման պատճառ

Անորոշություններ, տնտեսական խոցելիությունների էական  կուտակումներ համաշխարհային տնտեսության վերջին տարիների բնութագրումներն են՝ արտացոլված  միջազգային կառույցների զեկույցներում։ Անորոշությունների թվին են դասվում հակամարտությունների սրումը, ապրանքների գնաճային ճնշումները, բարձր գնաճն ու տոկոսադրույքները, ներդրումների ու ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խաթարումները։  

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում նշում է․ «Եթե մեկ նախադասությամբ, ապա համաշխարհային տնտեսական զարգացման առջև ծառացած ճգնաժամը սրվում է»։  Փորձագետի գնահատմամբ, խնդրահարույց գործոններից են էներգետիկ ռեսուրսների գների տատանումները։ Նաև նկատում է, որ գազի գները վերադարձել են նախապատերազմյան մակարդակին՝ ի հաշիվ Նորվեգիայի, Ալժիրի մատակարարումների, ինչպես նաև Եվրոպայում խնայողություններով իրականացված ծավալներին հասնելու շնորհիվ։

 Համաշխարհային գնաճը զիջում է դիրքերը

Պարենի համաշխարհային գների ինդեքսում արձանագրված է՝  փետրվարին 11–րդ ամիսն անընդմեջ գների նվազում է  արձանագրվում։ Սա գնաճային միջավայրի կարգավորման  համար նախադրյալներ է ստեղծում։ Բայց միջազգային բոլոր կառույցները՝ ԱՄՀ–ն, ՎԶԵԲ-ը, ՀԲ–ը, համաշխարհային տնտեսության համար  երկարատև դանդաղում են կանխատեսում ՝  17 –29 տոկոսի  սահմաններում։ Սա չի կարող  իր ազդեցությունը չունենալ մեր տարածաշրջանի տնտեսական զարգացումների վրա։  

 ՀԲ–ն կանխատեսում էր, որ Հարավային Կովկասում 2023թ տնտեսական աճը կկրճատվի 2 անգամ՝  հասնելով 3,2 տոկոսի։ Կանխատեսման հիմքում, ըստ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանի՝  ուժեղ տնտեսական վերականգնումից հետո հնարավոր թուլացումներն էին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ինչպես նաև  նույն այդ կառույցների բնութագրմամբ, Հարավային Կովկասի ամենամոտ տնտեսական գործընկերներից մեկի՝ ՌԴ–ի  տնտեսական վիճակի վատթարացումը։           

ՀԲ–ն  ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը Հայաստանի համար է  կանխատեսվել՝ 41 տոկոս, իսկ ՎԶԵԲ–ի կանխատեսման համաձայն, ՀՀ–ն ԵԱՏՄ երկրների շարքում միայն Ղրղըզստանին է զիջում, իսկ տարածաշրջանի երկրների շարքում ՝ Վրաստանին։ Ադրբեջանում  կանխատեսվում է  2,5 տոկոս, Վրաստանում՝ 5 տոկոս, Թուրքիայում տնտեսական աճը կտատանվի  3 տոկոսի սահմաններում։

Հայաստանի կառավարությունը լավատես  է , ԿԲ–ն ՝ նույնպես

ՀՀ ԿԲ–ն օրերս հայտարարեց, որ փոխել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 46–ից տոկոսից դարձնելով 58 տոկոս։ Լավատեսության հիմքում համաշխարհային շուկայում գնաճի տեմպերի դանդաղումն է, ինչպես նաև  Հայաստանի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը։

Գլխավոր դրամատան տնօրեն Մարտին Գալստյանի դիտարկմամբ,  2023  թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է  նպաստել ծառայությունների  ու շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։  Բարձր ակտիվությունը ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանմամբ, ՀՆԱ–ի ներուժի ավելացմամբ։  Շինարարության ոլորտում ակնկալվող աճի մեջ էական դեր ունեն հատկապես  Ամուսլարի հանքավայրի շինարարական աշխատանքները։ Արդեն հաջորդ՝ 2024  թվականին, երբ թերևս հանքավայրը շահագործվի, ակնկալվում է, որ աճը ներառված ու ակնառու կլինի արդյունաբերության մեջ։  

Հայաստանի ԿԲ–ում ակնկալում են, որ   12–ամսյա գնաճը  կնվազի՝  երկրորդ կիսամյակում մոտենալով թիրախին՝ 4 +- 15 տոկոսին։

Տնտեսական աճ՝ կապիտալ ծախսերի կառուցվածքի փոփոխության հաշվին

Տնտեսագետ Ջուլիետա  Թադևոսյանը կարծում է, որ   այս տարի անորոշությունները շատ են։ Տնտեսական աճ հնարավոր է ապահովել, բայց  պետք է կապիտալ ծախսերի կառուցվածքը փոխել։ Գումարների մեծ մասն ուղղվում է  ճանապարհաշինարարությանը՝ հիշեցնում է «Ճանապարհն ասֆալտում են, որը հետո եկամուտ բերում է, բայց դա երկարաժամկետում է բերում ու հատուցման տեսանկյունից շատ քիչ են, ուստի տնտեսական աճի գրավական չէ»։

Գյուղատնտեսության ոլորտն էլ չի շնչում՝ ասում է։ Բայց և նշում, որ ոլորտին ռեսուրսներ ուղղվում են «Հանուն արդարության ասենք, որ որոշակի քայլեր արվում են, բայց անընդհատ անկում է  գրանցվում։ Սա նշանակում է, որ քայլերը հասցեական ու թիրախավորված չեն։ Միգուցե գումարները տրամադրվում են, բայց կորչում են։ Փաստ է, որ գումարները տրվում են, բայց ոլորտը անկում է գրանցում։ Սա շատ մտահոգիչ է»։ 

 Միջազգային կառույցները, սակայն, զգուշավոր են

Տարիները փաստում են, որ միջազգային կառույցներն իրենց կանխատեսումներում  ավելի զգուշավոր ու պահպանողական են։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  փորձագետ Մերի Հովսեփյանը հիշեցնում է, որ  այս կառույցները   պարբերաբար թարմացնում են  իրենց գնահատականները, ուստի  շատ հնարավոր է, որ հիմքում ունենալով ընթացիկ զարգացումները՝ իրականացնեն ընթացիկ վերագնահատումներ։