Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին: Հանդիպմանը մասնակցել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Հաղորդագրությունում նշված է․

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է տեսանելի է, բոլորը տեսնում են, այդ աշխատանքով նաև հիմնադրամն է ներկայանում՝ որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա և անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,-  նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից, հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին»: