ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Եվրոպական միության (ԵՄ) երկրները՝ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թ. Ադրբեջանից ներմուծել են 15 մլրդ 598 մլն 852 հազար եվրոյի բնական գազ, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ. Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներմուծման արժեքային ծավալը կազմել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրո։ Այսպիսով, Ադրբեջանում գազի գնման ծախսերը 2022 թ. աճել են մոտավորապես քառակի։ 2022 թ. Իտալիան Ադրբեջանից գազի գնման վրա ծախսել է 13 մլրդ 253 մլն 515 հազար եվրո (տարվա ընթացքում աճել է շուրջ 3,9 անգամ), Հունաստանը՝ 1 մլրդ 962 մլն 325 հազար եվրո (աճը շուրջ 4,2 անգամ), Բուլղարիան՝ 383 մլն 11 հազար եվրո (աճը տարվա ընթացքում գրեթե 8 անգամ):
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022 թ. Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խորանարդ մետր։ 2023 թ. Ադրբեջանից գազի արտահանումը պլանավորվում է հասցնել ավելի քան 24 մլրդ խորանարդ մետրի, որից առնվազն 12 մլրդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։
Աղբյուր՝ armenpress.am