Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները

Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա աշխատաժողով։ Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են բացթողումից հետո իրականացվող հսկողության, ռիսկերի կառավարման համակարգի կիրառման առանձնահատկությունները։ 

Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց՝ ըստ ռիսկի մակարդակի դասակարգմանը, առավել ռիսկային ընկերությունների նկատմամբ համակարգային ստուգումների իրականացմանը, ոչ ռիսկային ընկերությունների օրինապահության մակարդակի հավաստմանն ու նրանց նկատմամբ պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառմանը։ ՀՄԿ փորձագետները ծանոթացել են ապրանքների հայտարարագրերի ներկայացման, որպես ռիսկային ընտրված մաքսային հայտարարագրերի վերլուծության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների անցկացման գործընթացին և ներկայացրել դիտարկումներ առաջավոր փորձի տեղայնացման վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպություններում արտագնա պլանային մաքսային ստուգումներ իրականացնելու ընթացակարգերը, առանձնահատկությունները, ներկայացվել է այս ոլորտում ԵՄ և Ճապոնիայի առաջավոր փորձը։ 

Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ Հետբացթողումային հսկողության վարչությունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ օրինապահության մակարդակի բարելավման հանրային իրազեկման գործընթաց է սկսում, միաժամանակ, հորդորելով՝ մաքսային գործառնություններ իրականացնելիս պահպանել մաքսային օրենսդրության պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում։