Հայաստանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ժամկետը եւս 10 տարով երկարացնելու գործընթաց է սկսում

Հայաստանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ժամկետը եւս 10 տարով երկարացնելու գործընթաց է սկսում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործընթաց սկսելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։

Նշված ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ՝ շուրջ 189 մլն դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63.2 մլրդ դրամ:

Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ մինչև 2036թվականը:

Նախագծով առաջարկվում է ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով ծրագիր մշակել, որը հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից հետագա ընթացքը որոշելու նպատակով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա գնահատել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։

Աղբյուր՝ news.am