Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարությունը բավարարել է «Բլեք փայփ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։

2021 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 75 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 276 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ «Երևանի գարեջուր» ՓԲԸ նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար: Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլն դրամ: