Երևանում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկային աշխատաժողովը

Ս․թ․ մարտի 21-24-ը Երևանում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Երիտասարդությունը գործողության մեջ. Երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Չորսօրյա սեմինարը կոչված էր խթանելու փոխըմբռնում ծրագրային թիմերի միջև, ինչպես նաև տրամադրելու տեղեկատվություն ԵՄ նախագծերի կառավարման ընթացակարգերի և գործողությունների պլանավորման վերաբերյալ:

Աշխատաժողովը վարում էին Կոնրադ-Ադենաուեր հիմնադրամի Բեռլինի գլխամասային գրասենյակի աշխատակիցները, ովքեր վերապատրաստում անցկացրեցին ծրագրի կառավարման, պլանավորման, մարդկային ռեսուրսների, ֆինանսական կառավարման և հաղորդակցության վերաբերյալ:

Առանձին հանդիպում կայացավ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ կապված հաղորդակցության և տեսանելիության գործողությունները։

Կոնրադ-Ադենաուեր հիմնադրամը հանդիսանում է ծրագրի համակարգողը։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը և Վորլդ Վիժն Հայաստանը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է.
Նպաստել հայ երիտասարդների մասնակցությանը կրթության, քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ:

Կրթել երիտասարդներին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին Հայաստանում քաղաքացիական և հասարակական գործունեություն ծավալելու հարցում:
Ծրագրի թիրախային խմբերն են․
Երիտասարդների կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և երիտասարդական նախաձեռնությունները։

Հայաստանում բնակվող երիտասարդները։
Երիտասարդ որոշում կայացնողները տեղական և ազգային մակարդակներում։
Երիտասարդական աշխատողները, ներառյալ երիտասարդ առաջնորդներն ու մենթորները:

Հպարտ ենք, որ այս ծրագրի մի մասն ենք և անհամբեր սպասում ենք վերջինիս հաջող իրականացմանը:

Ծրագրի մեկնարկային հանդիպումը նախատեսվում է անցկացնել առաջիկա ամիսներին։