Շրջափակված Արցախի տնտեսոթյունն ամեն օր ունենում է 1.7 մլն դոլարի կորուստ

Շրջափակված Արցախի տնտեսոթյունն ամեն օր ունենում է 1.7 մլն դոլարի կորուստ
Արցախի նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով տնտեսագետ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու  Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը զեկույց է պատրաստել շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների վերաբերյալ:
«Մենք ենք մեր սարերը»  տարածքային զարգացման գործակալության  համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և նույն գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր Ստեփանակերտից և Երևանից  Վարդան Արամյանի հետ հանդես եկան համատեղ տեսակամուրջ-ասուլիսով և ներկայացրեցին շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված տնտեսական իրավիճակը:
Գրիգորի Մարտիրոսյանը նախ համառոտ ներկայացրեց իրավիճակը, նշելով, որ արդեն 108 օր է Արցախը գտնվում է շրջափակման մեջ և տնտեսության բոլոր ոլորտներում բացասական ազդեցություն կա` իր հետևանքներով։  Նրա մեկնաբանմամբ՝ այդ քայքայիչ հետևանքների արդյունքում դժվար է լինելու տնտեսության վերականգնումը ապագայում:
Նաև շեշտեց, որ զեկույցը ներակայացնում է Արցախի տնտեսությանը պատճառված վնասները և այն ներկայացվելու է միջազգային կառույցներին, կազմակերպություններին:
Տնտեսագետ Վարդան Արամյանը նշեց, որ գնահատվել է սոցիալական կորուստը, ծախսերը և հանրության բարեկեցության կորուստը, բյուջեի ծանրաբեռնվածությունը, որն, ի դեպ, խնդիր ունի և չի կարողանում դուրս գալ արտաքին կապիտալի շուկա և Արցախը միայն Հայաստանից է ֆինանսական օժանդակություն ստանում:
Վարդան Արամյանը ներկայացրեց, որ արդեն Արցախին պատճառվել է 52 մլրդ դրամի կամ 132 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս և կանխատեսվել է, որ տնտեսության տոտալ փակման և ձեռնարկությունների գործունեության դադարի արդյունքում 16.2 հազար մարդ կդառնա գործազուրկ և չի բացառվում, որ այս ցուցանիշն ավելանա:
Ըստ նրա, օրական կտարվածքով ֆինանսական բեռը գնահատված է շուրջ 36 մլն դրամ կամ 92 հազար ԱՄՆ դոլար, իսկ շրջափակման 80 օրերի հաշվարկով 2.9 մլրդ դրամ կամ 7,3 մլն ԱՄՆ դոլար: Արցախի սոցիալ-տնտեսական կորուստը օրական հաշվարկով 750 մլն դրամ է կամ 1.9 մլն ԱՄՆդոլար, հարկերի կորուստը 81 մլն դրամ է կամ 204 հազար ԱՄՆ դոլար:
Տնտեսագետը շեշտեց, որ զեկույցում գնահատվել է նաև գործազրկությունը, թեև գործատուները չեն շտապում աշխատակիցներից ազատվել, սակայն պոտենցիալ գործազուրկների թիվը  շուրջ 10 հազար մարդու շրջանակում է:
«Որքան Արցախի տնտեսական շրջափակումը երկարում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է մաշվում»,- բանաձևեց նա և հավելեց, որ այսպես շարունակվելու դեպքում կկանգնենք մի իրավիճակի առջև, երբ տնտեսական կյանք չի լինի, այլ միայն սպառում:
Նաև ընդգծեց, որ պետք է ունենալ ֆինանսական, պարենային, դեղորայքային, էներգետիկ բուֆերներ, պահոցներ, թեև այս կառույցների ծախսերը ներկայացված չեն զեկույցում, սակայն կարևորեց նման պահոցներ ունենելու անհրաժեշտությունը:
Վարդան Արամյանը Արցախի տնտեսական աճի միտումները համադրեց Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներին, քանի որ երկու տնտեսությունները կորելացված են իրար հետ և ամբողջությամբ նույն տնտեսական ցիկլում են գտնվում:
Նա մատնանշեց, որ Արցախում բարձր աճ կար մինչև 2020թ-ը, իսկ արդեն 2020-21 թթ անկում է  գրանցվել, իսկ արդեն 2022թ-ի սկսվել է վերականգնվել և դեկտեմբերին շրջափակման հետևանքով ցնցում է  գրանցվել տնտեսության մեջ։ Փաստեց, որ 30 հազար անձ լքել է Արցախը, որոնք կազմում էին հիմնական աշխատուժը և այս ոլորտում ևս անկում է  գրանցվել:
Վարդան Արամյանը ներկայացրեց 2022թ-ի դեկտեմբերի Արցախի ՀՆԱ-ն, որն ըստ գնահատակաների, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կաճեր 20.5 տոկոսով, սակայն քանի որ դեկտեմբերին գրանցվել է տնտեսական 20.7 տոկոս անկում, արդյունքում 4-րդ եռամսյակում անվանական ՀՆԱ-ն փաստացի աճել է 8 տոկոսով:
Նշենք, որ 2022թ-ի դեկտեմբերին գնահատված կորուստը կազմել է 10.9 մլրդ դրամ կամ օրական 603 մլն դրամ և հաշվի առնելով ՀՆԱ-ի  հետագա տարվա հնարավոր գնահատված աճը` 12.3 տոկոս, մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առած  ՀՆԱ կորուստը կազմում է միջինում օրական  502 մլն դրամ կամ 1.3 մլն դոլար:
 «Հարկերը նվազում են, մյուս կողմից էլ անհրաժեշտ նոր ծախսեր են առաջ գալիս,  ստիպված Արցախի կառավարությունը ծախսերը պետք է  փոխհատուցի, պետք է վերադարսավորումներ կատարի ծախսերի մեջ»,-ասաց նա և հավելեց, որ Արցախի կառավարությունը այսքան կորուստ ի զորու չի  լինելու պարտքի միջոցով փոխլրացնել և գնալու է ծախսերի կրճատման, որը ևս հարված է  Արցախի տնտեսությանը: Նա շեշտեց, որ  նաև այն փաստը, որ անձը ունեցել է բարեկեցության կորուստ:
Ինչ վերաբերում է բյուջեի ծանրաբեռնվածությանը, ապա, ըստ նրա, հարկերի կորուստ գումարած սոցիալական ծասխեր` բյուրջեի ծանրաբեռնվածությունը մեծացնում է շուրջ 117.2 մլն դրամով՝ օրական կտրվածքով:
Վարդան Արամյանն ամփոփեց զեկույցը, նշելով, որ տարբեր մեթոդներով վերլուծելու արդյունքում  միջինացվել է կորուստը` 1.65 մլն դոլար օրական, որտեղ չեն հաշվարկել բարեկեցության մասը, 1.9 մլն դոլար` հաշվի առնելու դեպքում:
Ռուբեն Վարդանյանը պատասխանելով լրագրողների հարցերին, կարևորեց զեկույցի առկայությունը, շեշտելով, որ այն կարևոր է  թե մեր, թե աշխարհին ներկայացնելու համար, պետք է նկատի ունենալ, որ Արցախում ոչ միայն սննդի կամ էլէներգիայի խնդիր է, այլևս ամենօրյա կյանքի հետ կապված խորքային ճգնաժամ է:
Նաև հավելեց, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները և հասարակությունները պետք է ճշգրիտ հասկանան իրավիճակը և առանց նման վերլուծությունների հնարավոր չէ երկրի առջև ծառացած հարցերին և մարտահրավերներին պատասխանել:
Բացի այդ, զեկույցը կարևոր գործիք է միջազգային կազմակերպություններին ներկայացնելու իրավիճակը, նաև աջակցություն ստանալ։ Խնդիրը ոչ միայն գազի, էլէներգիայի կամ տրանսպորտային խնդիրների մեջ է, պետք է նաև ցույց տալ, թե իրականում ի՞նչ է կատարվում Արցախում և երկրին աջակցություն ու ներդրումներ են պետք:
«120 հազար մարդ շրջափակման մեջ է 100 օրից ավելի, որը  նոր իրավիճակ է ոչ միայն տնտեսության համար, նաև լուրջ հարցեր են առաջացել»,- ասաց Ռ. Վարդանյանը և հավելեց, որ Արցախում ավելի քան 250 մլն դոլար ներդրումների կարիք կա:
Ակնհայտ է, որ Արցախի տնտեսության համար ապագայում զգալի՝ անգամ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ծախսեր են առաջացնելու արտադրության գործոնների մաշվածության վերականգնումն ու բուֆերների ստեղծումը: Դա այն կարևոր քայլն է, որ պետք է արվի՝ ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար:
Իսկ ինչ կկատարվի, եթե շրջափակումը Արցախի շուրջ երկարաձգվի հարցին Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանեց, որ խորանալու է սոցիալական լարվածությունը, իսկ այս պահին միակ ֆինանսական խողովակը Հայաստանից ստացվող բյուջետային վարկն է:
Ամբողջական զեկույցն այս հղումով` https://ourmountains.am/.../03/Zekuyts-Artsakh-Blockade.pdf
 

 

Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այս հղումով` https://ourmountains.am/.../03/Zekuyts-Artsakh-Blockade.pdf