Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում
Ապրիլի 2-ը Երկրաբանի օրն է։ Տոնի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանի հարցազրույցը ejc.am (Տնտեսական լրագրողների ակումբ) կայքին։
-Երկրաբանությունը Ձեր կյանքում․ ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երբևէ չե՞ք մտածել, որ կարելի էր այլ մասնագիտություն ընտրել։
-Իմ ողջ գիտակից կյանքն անցել է երկրաբանության մեջ: Հինգ տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ այցելել եմ հանքավայր: Մեծացել եմ երկրաբանների ընտանիքում: Հայրս և հորեղբայրս եղել են խորհրդային շրջանի և նորանկախ Հայաստանի անվանի երկրաբաններ, ովքեր էլ սերմանել են իմ մեջ սերը դեպի երկրաբանություն: Ուստի, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ այլ ճանապարհով գնալ:
-Երկրաբանություն և բնապահպանություն․ հակադրամիասնությո՞ւն։
-Երկրաբանությունն ու հանքարդյունաբերությունն իրենց կարևոր դերն ունեն ցանկացած պետության տնտեսական զարգացման համար, սակայն դրանք պետք է հավասարակշռության մեջ լինեն բնապահպանության հետ: Այսօր նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հանքարդյունաբերությունն իրականացնել ավելի պատասխանատու և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից ավելի անվտանգ կերպով: Հանքարդյունաբերական ընկերությունները միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում հանքային ծրագրերի շրջանակներում բնապահպանական կառավարման և ուսումնասիրությունների իրականացման համար: Դա էլ իր հերթին խթանում է բնապահպանության զարգացմանը: Ուստի բնապահպանությունն ու երկրաբանությունը, հանքարդյունաբերությունը պետք է դիտարկել մեկ փոխկապակցված շղթայի մեջ:
-Ձեր կարծիքով բավարա՞ր է այսօր պետության դերակատարումը երկրի ընդերքի պաշարների հետախուզման գործում։
-Կարծում եմ, որ պետության դերակատարումը ընդերքի պաշարների հետախուզման հարցում պետք է լինի թույլտվությունների տրամադրման և մասնավորի համար բարենպաստ պայմանների ստեղծման շրջանակներում` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պետությունն այսօր որոշակի առումով իր առջև դրված խնդիրները լուծել է: Սակայն կարծում եմ` դեռևս պայմանները բարելավելու անհրաժեշտություն կա: Օրինակ, հետախուզման առաջին փուլի համար կարելի է պարզեցնել բյուրոկրատական պահանջները, երկու լսման փոխարեն սահմանել մեկ լսում, ինչը կխթանի երկրաբանական հետախուզումները, նոր ներդրումներ կներգրավի ոլորտ:
-Պետություն-մասնավոր հատված համագործակցություն․ գործառույթների հստակ տարանջատում, թե՞ հակադիր բևեռներ։
-Պետությունն ու մասնավորը երբեք չեն կարող լինել հակադիր բևեռներում: Դա չի բխում ոչ պետության, ոչ էլ մասնավորի շահերից: Եթե մենք ցանկանում ենք արժեք ստեղծել, զարգանալ, լինել մրցունակ, ապա պետք է լինի պետություն-մասնավոր սերտ համագործակցություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր հստակ սահմանված պարտավորությունները:
Պետությունը մասնավորի համար պետք է ապահովի կանխատեսելի, հավասար պայմաններ գործունեություն ծավալելու համար, ազատություն տա բիզնեսին՝ գործող օրենսդրության շրջանակներում։ Մասնավորն էլ իր հերթին պետք է կատարի օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, վճարի հարկեր, ստեղծի աշխատատեղեր:
-Ինչպե՞ս եք պատկերացնում ոլորտի ապագան․ ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Վերջին տարիներին ոսկու, արծաթի գների աճը, վերականգնվող էներգիայի զարգացման արդյունքում պղնձի, նիկելի, լիթիումի, կոբալտի և հազվագյուտ մետաղների մեծ պահանջարկը ստեղծել են նոր հնարավորություններ: Եվ այս տեսանկյունից մեր երկրի ընդերքը լիարժեք ուսումնասիրված չէ: Այսօր մեր ջանքերը պետք է ուղղվեն եղած պոտենցիալի բացահայտմանը և հնարավորությունների օգտագործմանը: Այս առումով շատ աշխատանք կա անելու ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար:
Իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք կարծում եմ հնարավոր է լուծել պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում: Սակայն ինձ, որպես երկրաբանի, առաջին հերթին մտահոգում է մեր մասնագիտության ապագան: Այսօր մենք ունենք սերնդափոխության, երիտասարդ մասնագետների խնդիր: Խիստ նվազել է ոլորտում ուսանողների քանակը: Կարծում եմ՝ այսօր երկրաբանի մասնագիտությունը, ըստ արժանվույն գնահատված և պահանջված չէ երիտասարդների շրջանում: Նրանք այսօր գնում են ժամանակակից անվանումներով, թրենդային համարվող մասնագիտությունների ետևից` նույնիսկ չպատկերացնելով այն հնարավորությունները, որոնք կարող է տալ այս մասնագիտությունը: Ուստի անհրաժեշտ է առաջին հերթին բարձրացնել երկրաբանության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը և վերադարձնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:
-Երկրաբանական ուսումնասիրությունները համարվում են թանկ ու ռիսկային ներդրում։ Ի՞նչ է պետք անել, որ նման ներդրումներ գան Հայաստան, հաշվի առնելով, որ մեզ մոտ երկրաբանական ներդրումները շատ չեն։ Թերևս, միակ նոր հայտնաբերված հանքավայրն անկախությունից ի վեր Ամուլսարն է։
-Այո, երկրաբանական ուսումնասիրությունները մեծ ներդրումներ են պահանջում և միշտ կա ռիսկ, որ այդ ներդրումները վերջնական արդյունքում կարող է չարդարացվեն: Օրինակ, Ամուլսարի երկրաբանահետախուզական աշխատանքների համար մենք ներդրել ենք ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար՝ համոզվելու համար, որ այնտեղ կան անհրաժեշտ քանակի ոսկու պաշարներ, որոնք ֆինանսապես ձեռնտու կլինեն արդյունահանման համար:
Սակայն ամենևին հեշտ չի եղել Հայաստանում նման ծավալի միջազգային ներդրումներ ներգրավելը` հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկը և տարիների ընթացքում հանքարդյունաբերության նկատմամբ ձևավորված որոշակի հանրային տրամադրվածությունը։
Առհասարակ ցանկացած ներդրողի համար որևէ երկրում ներդրում անելու կարևոր նախապայման է, որ այդ երկիրն ունենա կայուն օրենսդրական դաշտ, կանխատեսելի բիզնես-միջավայր և խաղի հավասար ու արդար կանոններ: Եթե ցանկանում ենք ներգրավել մեր երկրում միջազգային որակյալ ներդրողների, ապա պետք է ապահովել այս մինիմալ պայմանները:
-Համայնքների բացասական վերաբերմունքը հանքարդյունաբերության հանդեպ կարո՞ղ է խոչընդոտ դառնալ հնարավոր նոր երկրաբանական ուսումնասիրությունների և ոլորտում նոր ներդրումների համար։
-Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում, այդ թվում նաև հանքարդյունաբերության մեջ: Համայնքի հետ հարաբերությունները պահանջում են ամենօրյա պատասխանատու և թափանցիկ աշխատանք: Համայնքն էլ իր հերթին պետք է աջակցի բիզնեսին, որպեսզի կարողանա զարգանալ: Համայնք-բիզնես փոխշահավետ համագործակցության պայմաններում է միայն հնարավոր ներդրումներ անել, որից կշահի թե' համայնքը, թե' մասնավորը, թե' պետությունը:
-Ձեր մաղթանքը Երկրաբանի օրվա առթիվ։
-Ժամանակակից աշխարհն առանց երկրաբանների չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Անգնահատելի է նրանց կատարած աշխատանքն ու ներդրումը ցանկացած պետության տնտեսական զարգացման գործում: Մեծ ցանկություն ունեմ, որպեսզի մեր մասնագիտությունը նոր վերելք ապրի ու իր արժանի գնահատականը ստանա մեր երկրում: Իսկ գործընկերներիս իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ կմաղթեմ արդյունավետ և անվտանգ դաշտային աշխատանքներ, հաջողությամբ պսակված բազմաթիվ նախաձեռնություններ:
-Շնորհակալություն և շնորհավոր նաև Ձեր տոնը։