Լեհաստանը նախատեսում է էլեկտրաէներգիայի 73%-ը ստանալ ատոմակայաններից և վերականգնվող աղբյուրներից

Լեհաստանը նախատեսում է էլեկտրաէներգիայի 73%-ը ստանալ ատոմակայաններից և վերականգնվող աղբյուրներից

Լեհաստանի նոր էներգետիկ քաղաքականությունը ենթադրում է, որ մինչև 2040 թվականը էլեկտրաէներգիայի 73%-ը կգա ատոմակայաններից և էներգիայի վերականգնվող աղբյուրներից։ Այս մասին հայտնել է երկրի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, ով պատասխանատու է էներգետիկ հարցերի համար։

Ծրագրի համաձայն՝ Լեհաստանն առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի վերականգնվող էներգիայի ոլորտը։ Հաշվի առնելով միջուկային էներգիան՝ մինչև 2040-ը զրոյական արտանետումների աղբյուրների դրվածքային հզորությունը պետք է կազմի 74%: Դրանով հնարավոր կլինի ծածկել էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 73%-ը։

Հողմակայանները պետք է կարևոր տարր լինեն այս պորտֆելում: Նոր ռազմավարության համաձայն՝ 2030 թվականին ծովային հողմակայանների հզորությունը պետք է լինի մոտ 6 ԳՎտ, իսկ 2040 թվականին՝ 18 ԳՎտ։

«Բալթիկ ծովի ներուժը շատ ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր: Ենթակառուցվածքների փոխնախարարը շուտով պետք է վերանայի այդ ուղղությամբ զարգացման ծրագրերը: Դա կբարձրացնի Բալթիկ ծովի էներգետիկ ներուժի օգտագործումը», – ասել է նախարարը:

Լեհաստանում ցամաքային հողմակայանների հզորությունը 2030 թվականին կարող է լինել 14 ԳՎտ, իսկ 2040 թվականին՝ 20 ԳՎտ։ Նախատեսվում է նաև օգտագործել ֆոտոգալվան, բիոգազ և կենսազանգված։ Նոր էներգետիկ ռազմավարության մեջ քիչ չափով ներգրավված է նաև հիդրոէներգիան։ Դրա հզորությունը 2030 թվականին պետք է լինի 1 ԳՎտ, իսկ 2040 թվականին՝ 1.4 ԳՎտ։ Նախարարը բացատրել է, որ դա պայմանավորված է համեմատաբար ցածր ներուժով, ինչպես նաև ԵՄ քաղաքականությամբ:

Աղբյուր՝ b24.am