Անհրաժեշտ են ռեֆորմներ՝ երկրաբանի մասնագիտությունը կրկին հանրամատչելի և գրավիչ դարձնելու համար

Անհրաժեշտ են ռեֆորմներ՝  երկրաբանի մասնագիտությունը կրկին հանրամատչելի և գրավիչ դարձնելու համար
Երկրաբանի օրվա առթիվ ejc.am-ի  հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն  Խաչատուր Մելիքսեթյանի հետ։
-Որպես պետական կառույց, ի՞նչ պետական պատվերներ է իրականացնում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը։ Ընդհանրապես գործադիր իշխանության ո՞ր օղակների    հետ եք համագործակցում։
-Նման ծրագրերը շատ են և թվարկել դրանք այս կարճ հարցազրույցի շրջանակներում դժվար է: Կցանկանայի նշել, որ հաճախ մենք ենք առաջարկում և իրականացնում Հայաստանի համար կարևոր հետազոտություններ և հաճախ դրա համար ինքներս ենք գտնում ֆինանսավորման աղբյուր՝ լինի դա գիտության կոմիտեի ծրագրերի կամ  միջազգային դրամաշնորհների շրջանակում: Վերջին 5 տարում իրականացված կամ իրականացման ընթացքում գտնվող ծրագրերից ես կնշեի Հայաստանի երկրաջերմային պաշարների գնահատման և Հայաստանի առաջին գեոպարկի ստեղծման ծրագրերը: Կան նաև ծրագրեր, որոնք ունեն գործնական նշանակություն: Ինստիտուտը մասնակցել է Հայաստանի տարածքի սեյսմիկ շրջանացման և հավանակային սեյսմիկ վտանգի նոր քարտեզի կազմմանը: Այս աշխատանքը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը և հաստատվել ԱԻՆ-ի կողմից 2021 թվականին: Քարտեզի հիմքում ընկած են Հայաստանի և հարակից տարածքների սեյսմոտեկտոնական մոդելը, տարածաշրջանի երկրաշարժերի մինչպատմական, պատմական և գործիքային քարտադարանները, որոնցում ընդհանրացված են մեր ինստիտուտի կողմից վերջին տասնամյակներում իրականացված հետազոտությունների արդյունքները, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվածները: Այս ամենն օրինակներ են, որոնք ցույց են տալիս, որ տասնամյակների ընթացքում կատարված հետազոտությունները կարող են հանգեցնել կոմերցիոն և պրակտիկ արդյունքների:
Իսկ ինչ վերաբերվում է նախարարությունների և գերատեսչությունների կողմից պետական պատվերներին, կցանկանայի նշել սողանքների հետ կապված պայմանագրային աշխատանքները (ԱԻՆ), ինժեներաերկրաբանական աշխատանքները, (Կենտրոնական բանկ և ուր.), հնաբանական հուշարձանների երկրաֆիզիկական ուսումնասիրությունները շինարարության համար նախանշված տարածքներում (ԿԳՄՍՆ, Քաղշին):
Հայաստանում Գեոպարկի ստեղծման գիտական հիմունքների մշակման վերը նշված նախագիծը ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ պետական նպատակային ծրագրի շրջանակներում և համաձայնեցված ՇՄՆ հետ: Մեր ինստիտուտը համագործակցում է նաև ՏԿԵՆ և շատ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ, ներառյալ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Վերջին տասնամյակներում ինստիտուտը շատ բան է արել նաև ԼՂՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցությամբ: Դրա հետ մեկտեղ, քանի որ, ըստ օրենսդրության, ՀՀ ԳԱԱ հանդիսանում է կառավարության խորհրդատու, մենք ստանում ենք տասնյակներով պաշտոնական դիմումներ պետական տարբեր մարմիններից՝ փորձաքննական աշխատանքների իրականացման, նախագծերի գնահատման և գրախոսականների ու կարծիքների կազմման՝ այս կամ այն նախագծերի վերաբերյալ, որոնք առնչվում են երկրաբանական ոլորտին: Կարևորագույն ծրագրեր են իրականացվում Գիտության կոմիտեի տարբեր մրցույթային ծրագրերով։
-Ինստիտուտն ի՞նչպես է մասնակցում  ոլորտին առնչվող քաղաքականության, ռազմավարության մշակմանը։
-Ինստիտուտի աշխատակիցները, որպես փորձագետներ, մշտապես մասնակցում են լեռնահանքային բնագավառի, բնության պահպանության, ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման, սեյսմիկ պաշտպանության ու սեյսմակայուն շինարարության և այլ ոլորտների նորմատիվային փաստաթղթերի մշակմանը:
- Այսօր գոյություն ունի՞ պետական հստակ քաղաքականություն երկրի ընդերքի երկրաբանական հետախուզման վերաբերյալ։
- Ցավոք՝ ոչ: 90-ականներին ՀՀ կառավարությանը կից Երկրաբանական վարչության լուծարումից և լեռնահանքային ամբողջ ճյուղի սեփականաշնորհումից հետո երկրի ընդերքի երկրաբանական հետախուզման վերաբերյալ ոչ մի հստակ քաղաքականության մասին խոսք լինել, իհարկե, չի կարող: Բոլոր հանքարդյունաբերող կազմակերպություններն ունեն իրենց սեփական երկրաբանական ծառայությունը: Միևնույն ժամանակ, որպես հեղինակավոր և երկրի մասին գիտությունների բնագավառում Հայաստանի խոշորագույն գիտական կազմակերպություն, մեր ինստիտուտն, իհարկե, իրականացնում է Հայաստանի տարածքի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների առկայության առումով հեռանկարային տարածքների, ջրային և գեոթերմալ ռեսուրսների հետազոտություններ:
-Գիտություն-արտադրություն կապն ինչպե՞ս եք գնահատում։
- Մեր ոլորտում, իհարկե, այդ համագործակցությունը կա, և կան նաև այդ համագործակցության ինչպես որակական, այնպես էլ քանակական աճի հեռանկարներ: Այստեղ պետք է արձանագրել, որ մեր բիզնեսը այնքան էլ պատրաստ չէ լիարժեքորեն օգտվել նման հնարավորությունից:
- Երկրաբանություն մասնագիտությունը նախկինում պահանջված էր երիտասարդների շրջանում։ Այսօր ֆակուլտետում կարծես դիմորդների քանակը կտրուկ նվազել է, մեծ հետաքրքրություն չկա։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ու՞մ մեղքն է, պետությա՞ն, թե ոլորտի ընկերությունների։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը։
-Այս հարցը լուրջ է և բազմակողմանի: Մի կողմից՝ հետաքրքրությունը բնական գիտությունների, այդ թվում՝ նաև երկրաբանության հանդեպ նվազել է և ոչ միայն Հայաստանում: Դա համաշխարհային հակում է և մենք գիտենք այդ մասին, քանի որ համագործակցում ենք Եվրոպայի, ԱՄՆ, Ռուսաստանի գիտական շատ կենտրոնների հետ: Մյուս կողմից Հայաստանում առկա է համակարգային հիմնախնդիր բնագիտական կրթության (նախնական, միջնակարգ, բարձրագույն) բնագավառում ընդհանրապես և երկրաբանության ոլորտում՝ մասնավորապես: Մենք ինչ-որ կերպ փորձում ենք դա հավասարակշռել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Երկրաբանություն մասնագիտությամբ մագիստրատուրայի գործունեությամբ, որը հաջողությամբ գործում է մեր ինստիտուտի հենքի վրա, իսկ ուսանողների մեծ մասը մասնակցում է ինստիտուտում հետազոտական գիտական և կիրառական ծրագրերի իրականացմանը: Բայց դա բավարար չէ երկրաբանության ոլորտում կադրային խնդիրները լուծելու համար: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում, երկրաբանության բնագավառում, ինչպես գիտության, այնպես էլ արտադրության մեջ,  կան բարձր վճարվող աշխատանքային տեղեր: Անհրաժեշտ են ռեֆորմներ և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի միավորում՝ երկրաբանի մասնագիտությունը կրկին դարձնելու հանրամատչելի և գրավիչ: