ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության և անվտանգ տեղաշարժման վերականգնման ուղղությամբ:
ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով փորձագետները, մասնավորապես, հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ տրանսպորտային միջոցն է, և այն հումանիտար նշանակություն ունի:
Միջանցքի արգելափակումը խախտել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120 000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական խաթարումների պատճառով, ինչը խախտել է նաև բուժհաստատությունների աշխատանքը: Կրթական հաստատությունները ևս դադարեցրել են աշխատանքը:
ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են, որ ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի տևական արգելափակումը կարող է հանգեցնել բնակչության համար հումանիտար աղետալի հետևանքների և իրավունքների խախտման:
Աղբյուր՝ news.am