Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով

Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով

Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսներով: Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները , որոնք  հարմարեցված են շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)  տրամադրում է 20 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ: ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է 5 միլիոն եվրո գումարի չափով կապիտալ դրամաշնորհը՝  Արևելյան Եվրոպական էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն  (E5P) հիմնադրամի կողմից, որը ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող՝ բազմադոնոր հիմնադրամ է:  Այս մասին  http://ejc.am-ին տեղեկացնում են  ՎԶԵԲ -ի մամուլի ծառայությունից։ Նշված  տրանսպորտային միջոցների շնորհիվ կբարելավվեն ավտոբուսային ծառայությունները Հայաստանի մայրաքաղաքի 1 միլիոն բնակչի համար՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը արտանետումների կրճատման շնորհիվ։ 

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Երևանում հասարակական տրանսպորտի շարժունակությունը և ՎԶԵԲ-ի՝ Կանաչ քաղաքների շրջանակի մի մասն է կազմում՝ աջակցելով «կանաչ» համայնքային ներդրումներին այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: 

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Սա ևս մեկ քայլ է Երևան քաղաքի հետ մեր ներգրավվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ նոր ավտոբուսները լավ կընդունվեն հանրության կողմից և կնպաստեն բնապահպանական և անվտանգության չափանիշների բարելավմանը: Սա կբարձրացնի պահանջարկը և կնպաստի հասարակական տրանսպորտի ընդլայնմանը: Մեզ համար առաջնահերթ է բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, ինչպես նաև ավելի «կանաչ» դարձնել շրջակա միջավայրը»։

Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Երկրում իր գործունեության մեկնարից ի վեր Բանկը ավելի քան 1.67 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։