Վանաձորի գրադարանները կունենան ինտերնետ եւ գրադարանային թվային կառավարման ծրագիր

Վանաձորի գրադարանները կունենան ինտերնետ եւ գրադարանային թվային կառավարման ծրագիր

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աշխատանքային խմբի մշակած գրադարանների թվային կառավարման նոր ծրագիրը ներդրվել է նաեւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում, որը ներառում է 4 գրադարան։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ից հայտնում են, որ Կառավարման ծրագրից բացի, ԻՀՀՀ  ՀԿ-ն հաստատությանը նվիրել է նաեւ համակարգիչներ։ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ համագործակցելով՝ գրադարաններն ապահովվել են ինտերնետ կապով։

«Մեր քայլերն ուղղված են մարզային գրադարանների թվային կարողությունների զարգացմանը։ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ  համագործակցության շնորհիվ առաջիկայում ինտերնետ կապ կունենան Լոռու մարզի բոլոր գրադարանները։ Շարունակելու ենք աշխատանքը մարզերում, գրադարանները  նաեւ համայնքային ինտերնետ կենտրոնների վերածելու նպատակ ունենք։ Սա մասնակիորեն կլուծի ինտերնետ հասանելիության խնդիրը»,- նշում է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Ծրագիրը տեխնիկական առումով հատուկ ռեսուրսներ չի պահանջում՝ աշխատում է անգամ Pentium 4 համակարգչով, Unicode փոխարկիչով,  օպերացիոն համակարգը  Windows է, եւ կարող է կիրառվել տարբեր լեզուներով։ Պարունակում է մարզային գրադարանների 40 000 գրքի մատենագիտական տվյալների բազա։

Գրադարանների կառավարման թվային ծրագիրը հանրապետության մարզային գրադարաններում իրականացվում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների «Աջակցություն մարզային գրադարաններին» եւ «Թվային գրագիտություն մարզերում» նախագծերի շրջանակում։

Աղբյուր՝ news.am