Լոգիստիկ, էներգետիկ ու ջրային եռանկյունին Թուրքիայի ու Իրաքի միջև

Լոգիստիկ, էներգետիկ ու ջրային եռանկյունին Թուրքիայի ու Իրաքի միջև

 2023թ․ մարտի 21-ին Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին պաշտոնական այցով ժամանեց Անկարա, որտեղ նրան ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը։ Ալ-Սուդանին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իրաքն ու Թուրքիան Անկարայում ստորագրած հռչակագրով պայմանավորվել են կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ» տրանսպորտային միջանցքը, որի հին անվանումն է «Ցամաքային (Չոր) միջանցք» (Dry Canal)․ «Իրաքը ցանկանում է լուրջ նախագծեր իրականացնել թուրք ներդրողների հետ։ «Զարգացման ճանապարհի» նախագիծը տրանսպորտային երթուղի է ոչ միայն Իրաքի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի և աշխարհի համար։ Այն կդառնա կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև, նոր հնարավորություններ կբացի միջազգային մատակարարումների համար։ Այսօր մեր հարևան երկրներին հրավիրում ենք մոտ ժամանակներս հանդիպել Բաղդադում՝ քննարկելու այս կենսական նախագծի մանրամասները, իրականացման փուլերը, համատեղ քայլերը։ Նախագիծն իրագործվելու է երկու փուլով․ առաջին փուլում կկառուցվի երկաթգիծը, որին կհաջորդի ավտոմայրուղին։ Սկզբնական շրջանում ծրագրում ենք տարեկան փոխադրել 3․5 միլիոն, իսկ հետագայում՝ 7․5 միլիոն տ բեռ։ Նախատեսվում է այս նախագծի շրջանակներում Իրաքում ստեղծել Մերձավոր Արևելքի ամենամեծ արդյունաբերական գոտին»։ Ալ-Սուդանին նաև հայտնել է, որ Իրաքը ցանկանում է հաջորդ տարվանից դառնալ գազ արտահանող երկիր:

Էրդողանն էլ հայտարարել է, որ «Զարգացման ճանապարհը» ռազմավարական կարևորության նախագիծ է ոչ միայն Թուրքիայի և Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար․ «Եվրոպայից մինչև Ծոց լայն աշխարհագրությամբ՝ միլիոնավոր մարդիկ կշահեն հավելյալ առավելություններից, որոնք կառաջանան այս ճանապարհի կառուցումից: Մենք գիտենք, որ եղբայրական մյուս երկրները նույնպես էապես հետաքրքրված են այս նախագծով, որը կամրապնդի տարածաշրջանային համագործակցությունը, կզարգացնի մեր առևտուրը և հարաբերությունները։ Հավատում եմ, որ «Զարգացման ճանապարհի նախագիծը» կվերածենք մեր տարածաշրջանի Նոր Մետաքսի ճանապարհի, հուսով եմ՝ նաև նրանց մասնակցությամբ»։ Նշելով, որ 2022թ․ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է ռեկորդային 24 միլիարդ դոլարի՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ու Իրաքն ունեն երկկողմ առևտրի ծավալն առավել մեծացնելու ներուժ։

Մարտի 22-ին Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, մեկնաբանելով նախօրեին Իրաքի վարչապետի թուրքական այցը, հայտարարեց, որ իրենք շարունակում են քայլեր ձեռնարկել 2053թ․ Տրանսպորտի և լոգիստիկայի գլխավոր պլանի շրջանակներում. «Մեր նախագահի գլխավորությամբ դրվում են Նոր Մետաքսի ճանապարհի հիմքերը։ Մասնավորապես, առաջիկա օրերին շատ կարևոր զարգացումներ կլինեն Թուրքիայի, Իրաքի և հատկապես Բասրայի (Պարսից) ծոցի երկրների հետ կապված։ Առաջիկայում Բասրայի ծոցի Ֆաու նավահանգստից դեպի Թուրքիայի սահման կկառուցվի 1200 կմ երկարությամբ երկաթուղի և ավտոմայրուղի, որից կօգտվեն ոչ միայն Թուրքիան ու Իրաքը, այլև Ծոցի երկրները: Թուրքիայի տարածքով՝ երկաթուղով, ավտոմայրուղով, նավահանգստով և ծովով, ձևավորվելիք միջանցքը կծառայի որպես տրանսպորտային կարևոր երթուղի՝ դեպի Միջերկրական ծով, Եվրոպա, Սև ծով և նույնիսկ Կովկաս ուղղություններով։ Այս զարգացումը կլինի բեկում, որը կփոխի հավասարակշռությունն աշխարհում։ Մինչ Կենտրոնական (Միջին) տրանսպորտային միջանցքը կգործի Չինաստանից դեպի Լոնդոն ուղղությամբ, նոր միջանցքը («Զարգացման ճանապարհը») Ծոցից կձգվի դեպի Լոնդոն, և երկու նախագծերն էլ ուրույն դեր կունենան «մեծ և ուժեղ Թուրքիա ունենալու» նպատակին հասնելու գործընթացում»։

2023թ․ փետրվարին հայտնի դարձավ, որ Իրաքի կառավարությունը հավանություն է տվել 1200 կմ երկարությամբ երկաթուղային նախագծին, որը Բասրայի նահանգում՝ Շատ էլ-Արաբ գետի գետաբերանում գտնվող Ֆաու նավահանգիստը կմիացնի Թուրքիայի Մերսին նավահանգստին (Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափ)։ Արդյունքում հնարավոր կդառնա Պարսից Ծոցից դեպի Միջերկրական ծով, ապա նաև Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելը։ Ծրագրի նպատակն է Ասիայից Ֆաու նավահանգստով դեպի Եվրոպա ուղարկվող ապրանքների համար ստեղծել Սուեզի ջրանցքին այլընտրանքային ճանապարհ՝ 15 օրով կրճատելով բեռնափոխադրումների ժամկետը։

Նշենք, որ Թուրքիայի ու Իրաքի միջև իրագործվելիք այս նախագծի արմատները ձգվում են առնվազն մինչև 2010թ․ սկիզբ, երբ թուրքական մամուլը հայտնեց, որ Թուրքիայի ու Իրաքի միջև կառուցվելու է «Նուսայբին-Հաբուր» երկաթգիծը, ինչի արդյունքում «Թոփրաքքալե-Չոբանբեյ-Հաբուր-Մոսուլ-Բաղդադ-Բասրա» երկաթգծի 710 կմ-անոց հատվածը պետք է անցնի Թուրքիայով։ Ծրագրի շրջանակներում պետք է կառուցվեին նոր երկաթգծեր՝ «Թոփրաքքալե-Քիլիս-Չոբանբեյ» և «Նուսայբին-Ջիզրե-Սիլոփի-Հաբուր» ուղղություններով, իսկ գոյություն ունեցող «Չոբանբեյ-Նուսայբին» երկաթգիծը պետք է վերանորոգվեր: Ծրագրի շրջանակներում Իրաքի կառավարությունն էլ պետք է կառուցեր մոտ 160 կմ երկարությամբ նոր երկաթգիծ՝ «Հաբուր-Զահո-Դոհուկ-Մոսուլ» ուղղությամբ, վերականգներ «Մոսուլ-Քիրքուք-Բաղդադ» երկաթգիծը և այն միացներ Բաղդադի և Պարսից Ծոցի միջև գոյություն ունեցող երկաթգծին:

2022թ․ դեկտեմբերին Իրաքի նավահանգիստների գլխավոր տնօրեն  Ֆարհան ալ-Ֆարտուսին «Մեծ Ֆաուի նավահանգստի շահագործում և Ցամաքային ջրանցքի կառուցում» 2-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարեց․ «Իրաքը մեծ նշանակություն է տալիս Բասրայի Մեծ Ֆաու նավահանգստից դեպի թուրքական սահման ձգվելիք երկաթգծի ու ավտոմայրուղու կառուցման վիթխարի նախագծին, որը ներառում է նաև 2 արդյունաբերական գոտիների ստեղծում, բնակարանային, զբոսաշրջային ծրագրեր և այլն։ Այն բաղկացած է երկու ուղղությունից։

1) 2020թ․ դեկտեմբերին Իրաքի հետ 2․62 միլիարդ դոլարի պայմանագիր կնքած հարավկորեական Daewoo ընկերությունն իրականացնում է Ֆաու նավահանգստի վերակառուցումը, ինչը նախատեսվում է ավարտել ամենաուշը մինչև 2025թ․ (որոշ տվյալներով՝ նավահանգստի կառուցումը կարժենա 4․83 միլիարդ դոլար)։

Ֆաուի՝ 54 կմ-անոց նավահանգիստը բեռների փոխադրման համար ունենալու է 90 նավամատույց։ Մասնավորապես, այն ունենալու է 17 կմ ընդհանուր  երկարությամբ ու 25 միլիոն միավոր բեռնարկղ (TEU) բեռնելու ու բեռնաթափելու ունակ 50 նավամատույց, ոչ կոնտեյներային բեռների համար նախատեսված 5 կմ ընդհանուր երկարությամբ և տարեկան 50 միլիոն տ թողունակությամբ 20 նավամատույց, ընդհանուր բեռների տեղափոխման համար նախատեսված 5 կմ ընդհանուր երկարությամբ 20 նավամատույց, տարեկան 400․000 միավոր ավտոմեքենաներ  բեռնելու ու բեռնաթափելու ունակ RO-RO նավամատույց, օրական 230․000 բարել նավթ արտահանելու ունակ 6 նավամատույց, ներկրվող նավթամթերքի պահեստավորման համար նախատեսված 300․000 մ3 ծավալով ռեզերվուար։

2) Ֆաու նավահանգստից «Ցամաքային ջրանցքի» կառուցումն է Դիվանիե, Նաջաֆ, Քերբելա, Բաղդադ, Մոսուլ և Թուրքիայի սահման երթուղով, որտեղից էլ այն կշարունակի իր ուղին դեպի Մերսին: Այս միջանցքում ստեղծելու ենք արագընթաց գնացքների համակարգեր։ Միջանցքի շրջանակներում կարևորվում է նաև ավտոմայրուղու կառուցումը, որը, ենթադրաբար, ձգվելու է Մոսուլից մինչև Սիրիայի Տարտուս նավահանգիստ։ Հուսով ենք, որ տեխնիկա-տնտեսական հիմնավորումներից հետո միջանցքի ընդհանուր երթուղին ամբողջությամբ կհստակեցվի 6 ամսում։ Միջանցքի ստեղծումը կավարտվի մինչև 2029թ․ (որոշ տվյալներով՝ մինչև 2038թ.) և կարժենա 20 միլիարդ դոլար:

Ակնկալվում է, որ նախագիծը կարևոր կետ կլինի Շանհայի և Ռոտերդամի միջև, կարևոր նշանակություն կունենա միջազգային առևտրում, նաև կհեշտացնի բեռների մուտքը դեպի Եվրոպա։ Իրաքը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարևորագույն ուղի է, Իրաքը գտնվում է պատմական Մետաքսի ճանապարհի ցամաքային և ծովային երթուղիների վրա։ «Չոր ջրանցք» միջանցքը կընդգրկի նաև Ֆիշհաբուրի շրջանը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի խաչմերուկում։ Ֆիշհաբուրով կանցնի նաև Օվաքյոյի սահմանային դարպասի երթուղին, որը Թուրքիան մտադիր է կառուցել գործող Հաբուր սահմանային դարպասին զուգահեռ (Օվաքյոյի անցակետը գտնվելու է Հաբուրի անցակետից 10 կմ դեպի արևմուտք՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ) վերահսկողությունից դուրս)։ Սակայն հայտնի է, որ ՀԻՔԻ-ն անհանգստացած է, որ իրեն կշրջանցեն նոր սահմանային դարպասով և բարյացակամ չի վերաբերվում այս հարցին։ Այդ պատճառով նախատեսվում է, որ դեպի Թուրքիայի սահման հասնող միջանցքի հարցը կլուծվի «Անկարա-Էրբիլ-Բաղդադ» քաղաքական եռյակի շրջանակներում» [5]:

Քանի որ «Զարգացման ճանապարհի» նախագծի իրագործումը բավական մասշտաբային, ծախսատար ու ժամանակատար գործընթաց է, ուստի քաղաքական գործիչներն ու փորձագետները մի շարք դժվարություններ են կանխատեսում նրա իրագործման ճանապարհին, որոնք շոշափում են քաղաքական, անվտանգային ու ֆինանսավորման ոլորտները։ Թուրքիայում կա լուրջ մտավախություն, որ Իրաքում կոռուպցիայի գործոնը և քաղաքական հակամարտությունների հնարավոր վերսկսումը  կարող են խոչընդոտել այս երկու նախագծերի իրագործմանը: Թուրքիայի մտահոգությունն է հարուցում նաև այն, որ Իրաքում կան քաղաքական և մեդիա լոբբիներ, որոնք դեմ են Իրաքի և Թուրքիայի միջև համագործակցությանը/մերձեցմանը։

Փորձագետներ Մեհմեթ Ալաջան ու Բիլգայ Դումանը նշում են, որ «Զարգացման ճանապարհ» նախագծի հաջողությունը կախված է աշխարհաքաղաքական մի շարք գործոններից․ «Թեև Իրանի համար հնարավորություններ կան նախագծից օգուտ քաղելու երկաթգծի միջոցով, որը կտարածվի Բասրայից մինչև իր սահմանը, Իրանը, որպես տարածաշրջանային տերություն, կարող է զգալ, որ իրեն շրջանցում են այս միջանցքով: Եթե Իրանի ղեկավարները համարեն, որ Իրանի շահերը վտանգված են, նրանք կարող են փորձել սաբոտաժի ենթարկել նախագիծը՝ Իրաքում և Ծոցում ունեցած ազդեցության միջոցով: Անհայտ է մնում այն, թե արդյոք նման պարագայում «Զարգացման ճանապարհ» նախագծի աջակիցներն ունեն քաղաքական հմտություն և նախագծային հնարավորություններ՝ մեղմելու համար Իրանի հնարավոր մտահոգությունները, պահպանելով հավակնոտ ծրագրի ամբողջականությունը: Քանի որ Իրանը տառապում է միջազգային ծանր պատժամիջոցների ներքո և առաջնորդվում է Իրաքին կախվածության մեջ և իր ազդեցության գոտում պահելու քաղաքականության հրամայականից, հնարավոր է, որ նախագծի աջակիցները չառաջարկեն զիջումներ՝ մեղմելու իրանական չափազանց մեծ մտահոգությունները:

Բացի այդ Իրաքում քաղաքական անկայունությունը կարող է վտանգել նախագիծը, ինչն առնչվում է նաև Էրբիլի և Բաղդադի միջև լարվածությանը: Ծրագրի հաջողությունը հատկապես կախված է տարածաշրջանի անվտանգության պայմաններից՝ թեև անվտանգությունը բարելավվել է վերջին տարիներին, ԻՊ-ը դեռևս ակտիվ է, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK)՝ նույնպես: Բացի այդ իրանամետ զինյալներին կարող են դրդել ընդհատել միջանցքի շինարարությունը՝ խոչընդոտելու համար նրա մուտքը Թուրքիա։ Իրանի և Թուրքիայի միջև մրցակցությունը Հյուսիսային Իրաքում, մասնավորապես՝ Մոսուլում, սրվում է։ PKK-ը պարբերաբար հարձակվում է Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղների վրա, իսկ իրանամետ զինյալները հաճախ հարձակվում են Իրաքում թուրքական ռազմական բազաների և շահերի վրա։ ԻՊ-ի գրոհայինները նույնպես կարող են թիրախավորել միջանցքը։ Մոսուլում անվտանգության պայմանների բարելավումն էական նշանակություն ունի միջանցքի հաջողության համար, և Անկարայի ու Բաղդադի միջև ավելի սերտ համակարգումը կարող է օգնել նվազեցնել անվտանգային ռիսկերը» :

Մեր նախկին հոդվածներում բազմիցս անդրադարձել ենք նրան, որ Թուրքիան, օգտվելով իր աշխարհագրական դիրքից ու տարածաշրջանային զարգացումների ընձեռած հնարավորություններից, ձգտում է վերածվել լոգիստիկ և առաջին հերթին երկաթուղային հանգույցի։ Ընդ որում, Թուրքիան փորձում է դա անել ոչ միայն երկու գլխավոր ուղղություններով՝ «Արևելք-Արևմուտք» ու «Հյուսիս-Հարավ», այլև դրանց առանձին ճյուղավորումներով։ Օրինակ, երբ 2017թ․ առաջին բեռնատար գնացքը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով ժամանեց Մերսին, նշել էինք, որ Թուրքիան դրանով միմյանց կապեց ոչ միայն 3 ծովերը (Կասպից, Սև, Միջերկրական - Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա), այլև ստեղծեց «Արևելք-Հարավ» նոր երթուղի, որով Չինաստանը կարող է իր բեռները Թուրքիայի տարածքով հասցնել Միջերկրական ծով, ուղարկել դեպի Մերձավոր Արևելքի երկրներ: 

«Ֆաու-Մերսին» ապագա երկաթգիծը կարող ենք անվանել ինչպես «Հյուսիս-Հարավ», այնպես էլ «Արևմուտք-Հարավ» երթուղի, քանի որ Թուրքիայից արևմուտք ընկած եվրոպական երկրները կկարողանան նրա տարածքով երկաթուղային ճանապարհով հասնել Պարսից Ծոց։ Իրաքի հետ կապված՝ Թուրքիան կարող է առաջարկել «Հյուսիս-Հարավի» ևս մեկ երթուղի՝ իր տարածքով դեպի Նախիջևան, ապա Հայաստանով (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով») դեպի Ադրբեջան ու Ռուսաստան։

Հոդվածն ամբողջությամբ՝ regst.wordpress.com